Եթե ռեյտինգային համակարգը մնում է, ուրեմն ոչ մի բան չի փոխվել և ոչ մի փոփոխություն էլ չի եղել (ընտրական կոնտեքստով): Այս ռեյտինգքային համակարգը կբերի նրան, որ ավտոմատ ռեյտինգային համակարգը կվերընտրվի ու դա կապված չի լինի քաղաքական կամքի ազատ-անկախ անցկացման հետ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով ԱԺ այսօրվա արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի ընդունման տապալմանը: 

Քաղաքագետի համոզմամբ՝ ԱԺ-ի կողմից ԸՕ-ի չընդունումը միանշանակ նահանջ է այն սկզբունքներից, որոնք հայտարարվել էին հեղափոխության ժամանակ, այն է՝ ազատ-արդար ընտրություններ նոր օրենսգրքով, որն իր մեջ չի պարունակում ռեյտինգայինը: 

 

«Շատ զարմացած եմ, որ Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիրը» բաց թողեցին այս պահը: Մեզ շուտ են պետք ընտրություններ, բայց նոր օրենսգրքով, ոչ թե հին, այս դեպքում գոնե պետք է ավելի ուշ կազմակերպել ընտրությունները: Այս պահին Նիկոլ Փաշինյանը պարտավոր է լուրջ քայլեր ձեռնարկել, հիմա խոսքը Փաշինյանինն է, քանի որ գնդակն իր դաշտում է»,- Ըդգծեց քաղաքագետը:

Իսկ թե որը պետք է լինի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հաջորդ քայլը, Ստեփան Գրիգորյանը նշեց. «Տեսեք, առաջիկայում պետք է տեղի ունենա վարչապետի 2-րդ ընտրությունը, Փաշինյանը պետք այնպես անի, որ խորհրդարանն ընտրի իրեն և չցրվի: Այսպես մենք ժամանակ կշահենք նոր օրենսգիրքն ընդունելու համար և նոր կսկսենք մտածել ԱԺ ընտրությունների մասին»:

Վերջում քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանն այսօր չունի  կազմակերպված խորհրդարան, իսկ շատ պատգամավորներ ոչ թե կուսակցական քվեարկություն են կատարում, այլ անձնական՝ ելնելով անձնական շահերից: 

Արմինե Միքայելյան