Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, քննարկել երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով Տարոն Մարգարյանին, Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել այցելության համար եւ նկատել, որ ԼՂՀ մայրաքաղաքը ամենասերտ եւ նպատակային համագործակցությունը ծավալում է հենց Երեւանի հետ. «Ստեփանակերտն այսօր համագործակցում է մի շարք քաղաքների հետ, սակայն առաջին անգամ է, որ այսքան կարճ ժամանակահատվածում նման շոշափելի արդյունքներ են արձանագրվել եւ քաղաքային տնտեսության առավել արդյունավետ կառավարման գործում մեծ առաջընթաց է գրացվել, որի համար, պարոն Մարգարյան, շնորհակալ ենք անձամբ Ձեզ' ծրագրերի իրականացման հարցում մշտական ուշադրության եւ հետեւողականության համար»,-նշել է Ստեփանակերտի քաղաքապետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է Ստեփանակերտի հետ կիսվելու իր փորձով եւ աջակցելու նոր ու հետաքրքիր ծրագրերի կյանքի կոչման հարցում. «Ստեփանակերտը մեզ համար ոչ միայն քույր քաղաք է, այլեւ հարազատ օջախ, ինչն իր հերթին ենթադրում է, որ երկուստեք փոխգործակցությունը պետք է լինի սրտացավ եւ նպատակային: Այս վեց ամիսների ընթացքում ձեւավորված աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը իսկապես արդյունավետ է եղել, սակայն մենք չպետք է բավարարվենք ձեռքբերածով եւ, շարունակելով մեր ակտիվ համագործակցությունը, պետք է նպաստենք Ստեփանակերտի հետ կապերի էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու այդ համատեքստում, Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության եւ գեղարվեստի հանձնաժողովների օրինակով, առաջարկել է քաղաքի կառավարման գործում ներգրավվել երիտասարդական-հասարակական կառույցներին:

Քննարկվել է նաեւ առողջապահության, կրթության, քաղաքաշինության, սպորտի եւ տուրիզմի զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հնարավորությունները:

Անդրադառնալով մասնավորապես զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին' Տարոն Մարգարյանը նախանշել է «Ժենգյալով հաց» խորագրով փառատոնի ծրագրային առաջարկը, ինչպես նաեւ նշել է, որ արդեն իսկ հանձնարարված է Երեւանում տեղադրել Արցախի տեսարժան վայրերը գովազդող ցուցանակներ, բացի այդ, քաղաքապետարանի պաշտոնական կայքում էլ ապահովել ԼՂՀ զբոսաշրջության վարչության կայքի համապատասխան հղումը:

Քաղաքապետը նաեւ տեղեկացրել է, որ 2013-ին նախատեսված համագործակցության ծրագրերի շրջանակում ապրիլին Ստեփանակերտ կգործուղվեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մասնագիտացված տարբեր բուժհիմնարկների բժիշկներ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը կազմակերպել Երեւանում:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հերթական անգամ որպես քաղաքների բարեկամության խորհրդանիշ Արցախի մայրաքաղաքին նվիրաբերված համապատասխան գրառումով նստարաններ եւ աղբամաններ նվիրելու համար, որոնք կտեղադրվեն Ստեփանակերտի այգիներում եւ հանգստի այլ գոտիներում:

Երեւանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաեւ Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների շիրիմներին: