Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուներ։

Նախորդ քննարկմամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախաձեռնության ներկայացուցիչները պետք է ուսումնասիրեին խնդրի լուծման համար առաջարկված հնարավոր 3 տարբերակները և հանդես գային կոնկրետ առաջարկներով:

Նրանք ցանկանում են սահմանային անցակետում մեքենայի ղեկը վերասարքավորել ձախ, այդպես ներկրել Հայաստան, ստանալ պետական գրանցում, այսինքն' կատարել մաքսազերծում, այնուհետև ստանալ թույլտվություն, որպեսզի մեքենան վերասարքավորվի աջ ղեկային տեղաբաշխմամբ։

Նշվեց, որ այս դեպքում պետք է ՀՀ կառավարության կողմից կատարվի որոշակի իրավական ակտերի փոփոխություն։

Հնչեցին մի շարք այլ տեսակետներ ևս։

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջիկա երկու օրերին խնդրին առնչվող բոլոր կողմերի հետ կքննարկվի ներկայացված առաջարկի նպատակահարմարությունը և կարվի համապատասխան հայտարարություն։