«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը հունվարի 1֊ից կփակվի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Տնօրենի խոսքով՝  որոշումը պաշտոնապես ստացել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից՝ առանց որևէ պատճառաբանման:

«Առայժմ որևէ հիմնավորում չենք ստացել որոշման վերաբերյալ, սակայն ի՞նչ կարող եմ ես անել. ասել են, որ պետք է փակվի»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը: 

Այն ճշտող հարցին, թե հնարավո՞ր է որոշ չարաշահումներ են հայտնաբերվել, խախտումներ են արձանագրվել, հիմնադրամի տնօրենը վստահեցրեց, որ չկա նման բան. «Նման բան երբևիցե չի եղել և չի էլ լինի: Հուսով եմ՝ մինչև հունվարի 1-ը գոնե բնականոն հունով կաշխատենք»:

Մենք փորձեցինք հիմնադրամի փակման պատճառների մասին իմանալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ մամուլի ծառայությունից հավելյալ որևէ տեղեկություն չկարողացան տրամադրել:

Նշենք, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը զբաղվում է ռազմավարական հետազոտություններով, ինչպես նաև գրքերի ու ամսագրերի տպագրությամբ:

Արմինե Միքայելյան