Գերմանիայի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անելու հետաքրքիր և նախընտրելի ոլորտներ են հանքարդյունաբերությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու արտադրության ոլորտը: 

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

 

«Երկու տարի առաջ մենք բավականին նշանակալի ներդրումներ իրականացրինք հանքարդյունաբերության ոլորտում, և, կարելի է ասել, որ այդ կազմակերպությունը համարվում է ամենախոշոր հարկատուներից: Կարծում եմ, որ հանքարդյունաբերության ոլորտը կշարունակի իր դերն ունենալ մոտ ապագայում: Իհարկե, մենք աշխատում ենք, Հայաստան ավելի շատ ներդրումներ բերելու ուղղությամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից շատ ընկերություններ են գալիս Հայաստան, բայց նաև պետք է դիտարկենք, թե ինչպես կարող ենք ներգրավել ընկերություններ արտադրության ոլորտում»,- նշեց Քիսլերը:

Նա շեշտեց, որ Հայաստանի հեղինակությունը՝ ներդրողներին գրավելու համար,  վերջին ամիսներին բավականին բարձրացել է: Դեսպանի խոսքով՝ Կառավարությունն ընտրություններից հետո պետք է էլ ավելի ամրապնդի այդ միջավայրը, որ հնարավոր լինի ներգրավել էլ ավելի շատ ներդրումներ: