«Հրազդանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներն իրենց տեղերում աշխատում են և ոչ ոք չի հեռացվել».- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին: 

Իսկ թե առաջիկայում հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից որոշները պաշտոնի անցնեն քաղաքապետարանում, Սևակ Միքայելյանը նշեց. «Ճիշտ է, ես Հրազդանում ՔՊ կառույցի ղեկավարն եմ, բայց նման միտք դեռևս չունեմ: Ես չեմ եկել կադրային ջարդ իրականացնելու»: 

 

Քաղաքապետը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Հրազդանի մանկապարտեզների անմխիթար վիճակին: Ըստ նրա՝ 12 մանկապարտեզներից 3-ն են գազով ջեռուցվում. մնացածում տեղադրված են փայտի վառարաններ, առկա են նաև կահույքի, գույքի, լուսավորության հետ կապված խնդիրներ. «Հանդիպել եմ մանկապարտեզների, սպորտդպրոցների և երաժշտական դպրոցների տնօրենների հետ ու կարող եմ ասել, որ ահավոր պատկեր է գրանցված Հրազդանում»:

Վերջում մեր այն դիտարկմանը, թե նախկին հակառակորդ Լևոն Ստեփանյանն անընդհատ խոսում է քաղաքին ամեն կերպ աջակցելու մասին, հնարավո՞ր է որևէ պաշտոն զբաղեցնի Հրազդանի քաղաքապետարանում, Սևակ Միքայելյանը կրկին նշեց. «Չեմ կարող հստակ ասել, առաջիկայում պարզ կլինի»: 

Իսկ թե ինչպիսի հարաբերությունների մեջ է Լևոն Ստեփանյանի հետ, նորընտիր քաղաքապետը ընդգծեց, որ նորմալ շփման մեջ են. «Վերջին անգամ ընտրվելուցս հետո է զանգահարել և շնորհավորել, այդքանը՝ նրա հետ կապված»:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց Հրազդանի քաղաքապետ: 

 

Արմինե Միքայելյան