Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում  հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: 

Նշենք, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 31-ին, նա մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: 

Նշենք, որ Վահագն Հարությունյանը երեկ հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով շինծու և ապօրինի: Այնինչ, Հատուկ քննչական ծառայությունից պնդում են, որ կան բավարար ապացույցներ նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար: Մասնավորապես, ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող արժանահավատ ապացույցների բավարար համակցությունն է, ապա վստահեցրեց, որ այդպիսի ապացույցներ ՀՔԾ-ն ունի:

Հիշեցնենք՝ երեկ ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

Սոնա Հարությունյան