Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը գրառում է արել, որ  Աբովյան 5 հասցեում շինարարություն է կասեցվել:

«Աբովյան 5-ում կասեցվեց ապօրինի շինարարությունը: Կարիք եղավ ներգրավել նաև ոստիկանական ուժեր:

Կառուցապատողները պետք է հասկանան, որ դիմադրելը սխալ է և միայն ավելորդ լարվածություն է առաջացնում:  Երևանում ապօրինություններ չեն լինելու»:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը որևէ ապօրինի շինարարություն չի իրականացնում:

«Որևէ ապօրինի կամ հակաօրինական գործողություն ընկերության կողմից չի իրականացվում, որովհետև հունիսի 25-ին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը Երևանի քաղաքապետարան է դիմել շինարարական աշխատանքների թույլտվության վերաբերյալ գրությամբ, իսկ քաղաքապետարանն առ այսօր չի պատասխանել գրությանը, իսկ եթե 30 օր գրությանը պատասխան չի տրվում, ապա կառուցապատողն իրավունք ունի գործունեություն իրականացնել»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ հենց այդ սահմանման հիման վրա ընկերությունը շինարարություն է իրականացնում, որն ապօրինի չէ:

Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքներն իրականացվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության կողմից: Կառուցվում է «Կեմպինսկի» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի երեւանյան մասնաճյուղը: