Գործարար Սիլվա Համբարձումյանը շարունակում է պնդել, որ հանքերի շահագործման համար 2008թ․ 14 մլն դոլար կաշառք է տվել Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին։ Նա հայտարարեց, որ կաշառք տալուց հետո լիցենզիան ստացել է, բայց կարճ ժամանակ հետո առանց պատճառաբանության այն կասեցվել է։ Երբ պահանջել է Հարությունյանից գումարը վերադարձնել՝ վերջինս անշարժ գույք է խոստացել, բայց դա էլ չի տվել, որից հետո ինքը դիմել է ոստիկանության 6-րդ վարչություն։ 

Ինչպես հայտնի է՝ կաշառք տալը ևս քրեորեն պատժելի արարք է, սակայն նկատենք, որ Սիլվա Համբարձումյանը գործով ներգրավված է որպես տուժող։ Անդրադառնալով այս հանգամանքին, գործարարը նշեց, որ 2008 թ․ այդ օրենքը չէր գործում, օրենքը սկսել է գործել 2011թ․։ Այսինքն, մինչև 2011 թ․ կաշառք տվողին պատիժ չի հասնում։ 

 

Հետաքրքրական է, որ միլիոնատեր գործարարը չի թաքցնում 14 միլիոն կաշառք տալու հանգամանքը նախկին իշխանության ներկայացուցիչին, սակայն հատկանշական է նաև Համբարձումյանի այն պնդումը, որ այն ժամանակ Հայաստանում ընդունված էր այս ճանապարհով հարցեր լուծելը։ 

Ստացվում է՝ նոր Հայաստանում կաշառք տվողը տուժող է ներգրավվում, դեռ մի բան էլ ավել՝ պետության կողմից երկու աշխատակից պահպանում է կաշառք տվող այս գործարարի անվտանգությունը։

Սիլվա Համբարձումյանը պատմում է, որ Արամ Հարությունյանին գումարը մաս-մաս է փոխանցել․ «Փոխանցել եմ Դուբայում գտնվող Արաքս Դիլանյանի հաշվեհամարին։ Հեղափոխությունից հետո որոշեցի վերսկսել գործը ու հիմա Դուբայից եկել է այն հաշվեհամարը, որին ես գումարը փոխանցել եմ, իսկ այնտեղից փոխանցվել է ՀՀ երեք քաղաքացիների՝ Արամ Հարույթունյանի բարեկամ-ընկերներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Համբարձումյանը։ 

Սոնա Հարությունյան