«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հոկտեմբերի 24-ին Հայաստան կատարած այցից հետո կրքերը չեն հանդարտվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Երբ նա հայտարարեց, «եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական եւ ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջեւ, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան, ամեն դեպքում, ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը»:

ՀՀ-ն այս աղմկահարույց հայտարարությանը որեւէ կերպ չարձագանքեց: Փոխարենը մեր երկրի «իրավունքները փորձեց պաշտպանել» մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դաշնությունը: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունների մասին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ որակելով. «Թվում էր' ավելի մեծ անքաղաքավարություն, որը չի տարբերվում ներքին գործերին միջամտելուց, չի կարող լինել: Պարզվեց, որ այդպես չէ»: Ու այս իրավիճակում հետաքրքիր է, որ ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ լուռ մնաց:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին, ով փոխանցեց. «Ջոն Բոլթոնի այցի վերաբերյալ բավարար մեկնաբանություններ են եղել բոլոր մակարդակներով, ինչպես գիտեք, այդ հարցին համապարփակ անդրադարձել է նաեւ ԱԳ նախարարի պաշտոնակատարը, ուստի ավելացնելու ոչինչ չունենք»:

Հիշեցնենք՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել էր. «Երկխոսությունը շատ լավ ստացվեց, ու մենք ստացել ենք բավարար հստակ տրամաբանության ըմբռնումներ ՌԴ-ի հետ, Իրանի հետ հարաբերություններում, ԼՂ կոնտեքստում, Թուրքիայի հետ հարաբերություններում: Զրույցը եղել է շատ ավելի լայն, գեոստրատեգիական»: Սակայն այդպես էլ ոչինչ չի ասել մեր ներքին գործերի մասին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: