«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են ապաքաղաքական լինել, կարող են չլինել: Դեռևս քարոզարշավը չի մեկնարկել և վաղ է արդյունքներն ուրվագծելու համար, սակայն մենք ցանկանում ենք, որ այն լինի քաղաքական ընտրություն: Բնականաբար, կառավարությունն ու ոստիկանությունն ամեն ինչ անելու են, որ անօրինականություններ չլինեն, իսկ լրատվամիջոցներն էլ ապահովելու են, որ լինեն հնարավորինս թափանցիկ, ազատորեն ձևավորվի քաղաքական կամքը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը::

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք «Լույս» դաշինքի կազմում մասնակցելու է ընտրություններին, Զեյնալյանը պատասխանեց. «Կոնսուլտացիաները շարունակվում են ձևաչափի շուրջ, կորոշենք, թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու ընտրություններին: Դետալները շուտով կհրապարակվեն»:Նա նշեց՝ քանի որ «Լույս» դաշինքի վերաբերյալ դեռևս վերջնական հայտարարություն չկա, չեն կարող հարցերն ու պատասխանները կառուցել մի բանի վրա, որը դեռ փաստ չէ: «Կարծում եմ՝ լավ ընտրություններ են լինելու: Կլինի նոր որակի խորհրդարան: Ամեն ինչ անելու ենք, որ լեգիտիմության պակաս չլինի»:

Ընտրություններից հետո կշարունակե՞ք մնալ նախարար հարցին ի պատասխան՝ Զեյնալյանն ասաց. «Դա պայմանավորված է ընտրության արդյունքներով»: