Քննչական կոմիտեն բյուջեով իրեն հատկացված միջոցները կարողանում է տնօրինել այնպես, որ տարվա ավարտին խնայողություններ ևս լինում են:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ Քննչական կոմիտեն բյուջեով իրեն հատկացված միջոցները տարվա ավարտին ամբողջությամբ սպառո՞ւմ է, թե՞ կարողանում են աշխատանքներն այնպես կազմակերպել, որ խնայողություններ ևս լինեն և եթե լինում են՝ դրանք վերադարձվում են պետբյուջե՞, թե՞ ուղղվում են Կոմիտեի այլ ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը պատասխանեց.«Քանի որ Քննչական կոմիտեին հատկացված գումարների մոտ 88.4 %-ը կազմում են աշխատավարձերը, 11.6 %-ով ենք հիմնականում փորձում այլ ծառայություններ իրականացնել: Լինում են նաև չծախսված գումարներ, որոնք, իհարկե, գնում են պետբյուջե»:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Քննչական կոմիտեի նոր ղեկավարությունը քայլեր ձեռնարկե՞լ է ոչ բարվոք վիճակում գտնվող քննչական բաժինների շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ՝ Նիկոյանը պատասխանեց. «Որոշ վարչական շենքեր, որոնք օպտիմալացման միջոցառումներից ելնելով՝ չի օգտագործվում, ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվում է Քննչական կոմիտեին: Կոմիտեն կառավարության որոշման հիման վրա նախագծանախահաշվային փաստաթղթեր է պատվիրում, որի հատկացրած գումարների շնորհիվ մենք վերակառուցում և վերանորոգում ենք իրականացնում: 2018թ. մեզ տրամադրվել է Լոռի մարզային վարչության նոր շենք, որը գտնվում է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում: Արդեն կառուցել և այս տարի հանձնելու ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող քննչական բաժնի և Գորիս քաղաքի քննչական բաժնի շենքը, ինչպես նաև Շիրակի մարզային քննական բաժինը»,- ընդգծեց Ա. Նիկոյանը:

 

Նա նշեց՝ թեև փորձում են հնարավորինս տնտեսել պետական բյուջեն, բայց քանի որ տրամադրված տեխնիկան, գույքը մաշվում է, ամեն տարի պետական բյուջեով հատկացված միջոցները տրամադրում են գույքային խնդիրները բարելավելուն: