Յուրի Խաչատուրովը երեկ  ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այժմ փաստացի Հայաստանը ՀԱՊԿ-ում չունի գլխավոր քարտուղար: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում վստահեցրեց, որ դա այնքան էլ մեծ խնդիր չէ և էական նշանակություն չի ունենա Հայաստանի արտաքին, ներքին, ինչպես նաև ռազմական քաղաքականության վրա։

«Դա ավելի շատ քաղաքական ինտրիգների խնդիր է, որովհետև ի սկզբանե Հայաստանի կողմից այնտեղ նշանակված որևէ մարդ՝ որևէ նշանակություն չի ունեցել։ ՀԱՊԿ-ը երբևէ դուրս չի եկել ինչ-որ շրջանակներից, որևէ խոստում չի տվել։ Առհասարակ, այդ կազմակերպությունն անվտանգության հարցերում որևէ քայլ երբեք չի արել։ Հիմա ի՞նչ կապ ունի՝ Խաչատուրովն այնտե՞ղ է, թե՞ այնտեղ չէ, Խաչատուրովն ում է ենթարկվում կամ լսում»,-մանրամասնեց Մանվել Սարգսյանը։ 

 

Ըստ մեր զրուցակցի՝  ՀԱՊԿ-ը նաև որևէ էական նշանակություն չի ունեցել հակամարտող երկրների միջև և այն լրիվ այլ նպատակներ ունեցող կառույց է Ռուսաստանի կողմից ստեղծված․ «ՀԱՊԿ-ը պարզապես Ռուսաստանին թույլ է տալիս իր ազդեցությունն ունենալ այլ երկրների վրա. սա է խնդիրը։ Դա անվտանգության գործառույթ չի ունեցել և չի էլ ունենա»։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը նաև նկատեց, որ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հեռացնելը կարող է ազդել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։ Մյուս կողմից էլ, եթե Ռուսաստանը ազատել է Խաչատուրովին, ապա հարցերը լուծված են արդեն․ «Դա հայաստանի պահանջն է: Ճիշտ է՝ Ռուսաստանը չէր ուզում սկզբում կատարել այդ պահանջը, բայց ի վերջո՝ կատարեցին»։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 2-ից։
 
Արմինե Միքայելյան