Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, իսկ դրան ընդառաջ քաղաքական ուժերն ակտիվ վերադասավորումների մեջ են։ 

Մասնավորապես՝ «Քաղազքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել ընդհանուր կազմի հարցում, սակայն հավանական թեկնածուների չափանիշը հստակ է՝ «պետք է անպայման Փաշինյանի հետ քայլած լինեն»։

 

Այսպես են ասում նաև ՔՊ կուսակցության անդամները․ «Ով այս տարիների ընթացքում իր կողքին է եղել, հավասար թուք ու մուր է կերել, իրենք էլ պիտի մասնակցեն խորհրդարանական ընտրություններին, պարզապես ՔՊ թիմի անդամ եղածներ չեն լինելու։ Իսկ այլ կուսակցականների ներգրավման մասին չեմ կարող ոչինչ ասել»։ 

ՔՊ-ականներն, իհարկե, ողջունում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս քայլը, սակայն մտահոգության առիթ ևս ունեն։ 

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց խորհրդարանական արտահերթ ընտրության, քարոզարշավի մեկնարկի, ինչպես նաև կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետի օրերը, որից պարզ դարձավ, որ նախընտրական քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր։

Հիմնական մտահոգությունը նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամկետն է՝ որքան էլ խոսվի, թե ժողովուրդը կողմնորոշված է իր ընտրության հարցում, միևնույնն է թեկնածուներին ճանաչել է պետք․ «Մարզ կա 90 գյուղ ունի, կամ ավելի շատ/քիչ, ինչպե՞ս պիտի հասցնենք ծանոթանալ մարդկանց հետ այդ 12 օրում, որ իմանան՝ ում ընտրեն»։ 

Նշենք նաև, որ Փաշինյանն իր թեկնածուների հարցում առաջանորդվում է նաև այն սկզբունքով, որ պետք է ունենան մաքուր անցյալ և որ ամենակարևորն է՝ կարողանան լրագրողների հետ գրագետ շփվել։ 

 

Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել ԿԸՀ մինչև նոյեմբերի 14-ը, իսկ դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ։