Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝
  Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում Հայաստանը առաջադրելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը:ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել շրջանառվող լուրերը` նշելով․ «Ես կադրային հարցեր չեմ մեկնաբանում»։

Նա չցանկացավ մեկնաբանել նաև մեր այն հարցը, թե արդյո՞ք նման առաջարկի դեպքում պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը։

Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու վերաբերյալ խոսակցություններ կային դեռ 2016 թվականին, սակայն երկու անգամ հետաձգվելով, ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների դիրքորոշուման պատճառով, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար նշանակվեց Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ «Մարտի 1»–ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանք կիրառելու համար։ Դատարանը ազատ է արձակել Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց։