Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդություն է ներկայացրել՝ ԵՊՀ հյուրատան քրգործի նախաքննության հարցը հանձնարարել Հատուկ քննչական ծառայությանը։ Խոսքը ԵՊՀ «Հյուրերի տան» մասին է, որը ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշեց վաճառել ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ):

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվում է Մաշտոցի 52 հասցեում գտնվող ԵՊՀ նախկին հյուրատան կառուցման գործընթացում «Շանտան» ՍՊԸ-ի և վերջինիս տնօրեն Հ․ Ղազարյանի անձնական գույքը ոչնչացնելու, «Շանտան» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանի ապօրինի ոչնչացմամբ՝ ընկերությանը գույքային վնաս պատճառելու, ԵՊՀ-ի նախկին հյուրատունը մի շարք պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահմամբ ապօրինի մասնավորեցնելու ու այդ ընթացքում էապես ցածր գնով վաճառելու վերաբերյալ։

 

Ինչպես նշվում է փաստաթղթում, քրգործն առնչվում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետարանի և ԵՊՀ ղեկավարության ապօրինի գործողություններին։

Ի դեպ, ԼՈւՐԵՐ․com-ն ավելի վաղ անդրադարձել էր խնդրին։ 2015թ. հունիսի 10-ի որոշմամբ, պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Մաշտոցի 52 հասցեի անշարժ գույքը նվիրվել է Երևանի պետական համալսարանին, ինչից ընդամենը ամիսներ անց՝ նույն թվականի սեպտեմբերի 16-ին, ԵՊՀ-ի կողմից 2.160.000.000 դրամով վաճառվել է «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ին: Նկատենք, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին գույքն օտարելու մասին թույլտվության փաստաթուղթը ստորագրել է նախկին վարչապետ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Սակայն հեղափոխությունից հետո գործը նոր ընթացք էր ստացել, մասնավորապես, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտնել էր, որ այդ հարցով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզաբանում ստանալու վերոնշյալ իրավական ակտի՝ 1 899 686 126 դրամ սկզբնական արժեքով դրույթի վերաբերյալ։ 

 

Նշենք նաև, որ մեր հրապարակումից հետո պարզաբանում հրապարակեց նաև ԵՊՀ-ն: Այնտեղ նշվում էր, որ վաճառքի գինը որոշել է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը, ոչ թե ԵՊՀ-ն: 

Սոնա Հարությունյան