Կատարած հանցանքի համար անհրաժեշտ է պատասխան տալ, ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ ոստիկանությունը կորցրել է լավագույններին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեն քննարկելու ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև։ Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը։ Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին, համաներման տեքստում նշված է, որ պատանդների և զոհվածների կարծիքը պետք է հաշվի առնել։ Ես կողմ եմ այդ կարծիքին, այո՛, ես էլ եմ եղել պատանդ ու իմ կարծիքն էլ պետք է հաշվի առնել»,- ասաց Օսիպյանը։

 

Ինչ վերաբերում է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի ասածին, թե՝ Օսիպյանը պատանդ չի եղել, ազատ մնացել է իրենց մոտ, ոստիկանապետն արձագանքեց,

«7-8 օր մնացել եմ այնտեղ, էլ բան ու գործ չունեի՞, գործերս թողել, գնացել էի, այնտե՞ղ»։

Հարցին՝ թե պատանդ լինելու անմիջապես հաջորդ օրը նա աշխատանքի է անցել, ինչպես է դա հնարավոր, Օսիպյանը նշեց «Ես ուժեղ սպա եմ»։