ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հայտարարեց, որ հաշվի առնելով որոշ ռիսկեր՝ նոյեմբերի 15-17-ը ՀՀ-ում  տեղի ունենալիք ԼԳԲՏ ֆորումը չի անցկացվելու:

Տվյալ ֆորումի գլխավոր կազմակերպիչ «Նոր սերունդ» ՀԿ գրասենյակի ղեկավար Արման Սահակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում վրդովված նշեց, որ Օսիպյանը իրավունք չունի արգելել իրենց ֆորումի անցկացումը:

 

«Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, և ոչ ոք պաշտոնապես չի կարող թույլ տալ կամ չտալ որևէ միջոցառում, ֆորում, գիտաժողով տեղի ունենա կամ չունենա այստեղ: Հետևաբար, ՀՀ ոստիկանապետը ևս  չի կարող նման հայտարարություն անել: Դա ևս մեկ անգամ ապացուցեց, որ հին բարքերը դեռ գործում են և որ Հայաստանն այնքան էլ ժողովրդավար ու ազատ երկիր չէ»,- մեզ հետ զրույցում ասաց «Նոր սերունդ» ՀԿ գրասենյակի ղեկավարը: 

Արման Սահակյանը շեշտեց, որ իրենք դեռևս մի քանի ամիս առաջ էին հայտարարել ֆորումի անցկացման մասին և որևէ խոչընդոտի չեն հանդիպել, մասնավորապես, իրավապահ համակարգի կողմից: Սահակյանը նաև հավելեց, որ Օսիպյանի  հայտարարությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել ֆորումի իրականացմանը, միևնույն ժամանակ, նշելով, որ եկել են այն եզրահանգման, որ ֆորումը չպետք է տեղի ունենա:

«Քանի որ Վալերի Օսիպյանի հայտարարությունից նաև պարզ էր դառնում այն, որ նրանք չեն ապահովելու մեր և այն մասնակիցների անվտանգությունը, ովքեր պետք է այլ երկրներից ժամանեին Հայաստան, մենք որոշեցին չեղարկել ֆորումը՝ անվտանգության մի շարք նկատառումներից ելնելով»,- ընդգծեց «Նոր սերունդ» ՀԿ գրասենյակի ղեկավարը՝ հավելելով, որ շատ քիչ ժամանակ էր մնացել ֆորումին և արդեն կային մի շարք մարդկանց կողմից սպառնալիքներ:

 

Արմինե Միքայելյան