«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն իրեն շատ լավ է զգում և ունի հրաշալի տրամադրություն։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը։

Նա պատմեց, որ Շանթ Հարությունյանը անակնկալ է արել․ «Նույնիսկ տղայիս չի ասել, որ ազատ է արձակվել։ Հասել է տան բակ, զանգել, ասել է, որ արդեն տանն է»։

 

Նկատենք, որ երկար ժամանակ Շանթ Հարությունյանը չէր համաձայնում դուրս գալ քրեակատարողական հիմնարկից՝ բաց ռեժիմով պատիժը կրելը շարունակելու համար։ Նա չէր հետևում անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ պահանջելով արդարացում։ Ինչպե՞ս ստացվեց, որ ազատ արձակվեց և դուրս եկավ ՔԿՀ-ից հարցին ի պատասխան՝ տիկին Ռուզաննան ասաց․

«Քանի որ համաներումում կար կետ, որտեղ ասվում էր, որ կալանավորի ստորագրությունը չի պահանջվում, հետևաբար, ինքն ուզեր, թե չուզեր՝ պետք է դուրս գար, և առանց ստորագրելու որևէ փաստաթուղթ՝ ուղղակի դուրս է եկել։ Ազատականը տվել են և ազատել։ Իսկ մինչ այդ նա չէր համաձայնում դուրս գալ, քանի որ բոլոր տարբերակներում կար որոշակի հոդված, որ ինքը պետք է ընդուներ իր մեղքը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արդարացմանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ Շանթ Հարությունյանը հետագայում կպայքարի։

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի հետագա գործունեությանն ու անելիքներին, տիկին Ռուզաննան նշեց, որ նա քաղաքական գործունեությունը չի դադարեցնի, իր սկզբունքներին չի դավաճանի, ներքին և արտաքին քաղաքականության կողմնորոշմանը դեմ դուրս չի գա։

 

«Ոչինչ չի փոխվել 5 տարի առաջ իր քաղաքական կերպարի առումով»,- ասաց տիկին Ռուզաննան, նշելով, որ ինքը շարունակում է լինել նախկին ամուսնու քաղաքական համախոհը։ 

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը ժամեր առաջ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց։ 

Սոնա Հարությունյան