ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է արտաբյուջետային հաշիվների գոյությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը: Արտաբյուջետային միջոցները կդառնան պետական բյուջեինը:

ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի  քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:«Արտաբյուջետային հաշիվների ներառումը հաջորդ տարվա բյուջեի նախագծում շատ կարևոր է: Միշտ քննարկվել է, որ արտաբյուջետային գործառնությունները ռիսկ են ներառում: Եվ որպեսզի դրանք փարատված լինեն, ներառել ենք նախագծում: Սակայն  այժմ կառավարությունում քննարկման փուլում է արտաբյուջետային հաշիվների գոյությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը: Տրամաբանությունը պարզ է, այն, ինչ ենթադրվում է,  որ պետք է լինի պետական բյուջեի եկամուտ, կլինի պետական բյուջեինը»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց, թե ենթադրվում է, որ շուտով այդ նախաձեռնությունը կներկայացվի ԱԺ:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ծախսերի հարցը կքննարկվի ընդհանուր համատեքստում՝ գերակայություններից կախված, ոչ թե կապված կլինի գերատեսչության գեներացրած եկամտի հետ: