«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի: «Չի լինելու, որովհետև այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի ն ա և ռիսկերը հաշվի առնելով ու անվտանգությունից ելնելով»,– ասել էր Օսիպյանը՝ նշելով, որ իրենք բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը:

Քանի որ որևէ այլ պաշտոնական դիրքորոշում ԼԳԲՏ ֆորումի չանցկացման հետ կապված Հայաստանի իշխանություններից չի հնչել, կարելի է Օսիպյանի հայտարարությունն ընդունել որպես իշխանության պաշտոնական դիրքորոշում: Ավելին՝ անկախ նրանից, որ Օսիպյանը ֆորումի չանցկացումը հիմնավորում է բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով, ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև քաղաքական կողմ: Եվ այն հանգամանքը, որ հենց Օսիպյանը, ավելի շուտ միայն Օսիպյանն է խոսում ֆորումի չանցկացման մասին, ի ցույց է դնում խնդրի քաղաքական կողմը:

Արդեն առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ ԼԳԲՏ անձանց թեման՝ լինելով հասարակական լայն շրջանակներում բավական սուր ընկալվող, դարձել է և, ըստ էության, նախկինում էլ դառնում էր բացառապես պահի քարոզչական նպատակներով օգտագործվող գործիք: Որպեսզի խնդիրը չմնա միայն քարոզչական մակարդակում, անհրաժեշտ է այն տեղափոխել քաղաքական հարթություն, որտեղ քաղաքական ուժերը հստակ դիրքորոշումներ կձևակերպեն թեմայի շուրջ: Քաղաքական դիրքորոշում խնդրի շուրջ չի եղել ոչ նախկինում, ոչ հիմա: Նախկինում իշխանությունները առաջնորդվում էին Արևմուտքի հետ հարաբերությունները չփչացնելու նախապաշարմամբ և բավական կազմակերպված ստորագրում կամ օրենքի ուժ տալիս այս կամ այն սուր ընկալվող նախաձեռնություններին: Հիմա էլ իշխանությունները նախապաշարված են արդեն հասարակական կարծիքից ու ագրեսիվ արձագանքից՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի քաղաքական հենարանը ժողովրդական լայն զանգվածներն են: 

 

Պատահական չէ, որ ԼԳԲՏ ֆորումի չեղարկումից առաջինը վրդովվեցին այն մարդիկ, ովքեր, այսպես ասած, Հայաստանում դիրքավորված են որպես արևմտյան արժեքների կրողներ, և ովքեր, ի դեպ, ակտիվորեն ներգրավված են եղել ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցած գործընթացներին: Այդ վրդովմունքն ինչ–որ տեղ ազնիվ է, քանի որ հենց նմանատիպ մարդիկ են հեղափոխության սկզբում եղել գործընթացին ներգրավված կազմակերպչական ուժը: Եվ հիմա իշխանությունն ի դեմս Փաշինյանի պետք է ընտրի՝ շարժվել հասարակական լայն շերտերի ագրեսիվ արձագանքը հաշվի առնելով, թե հեղափոխությանն աջակցած այս կամ այն կազմակերպված խմբերի արժեքային համակարգով: 

Սակայն, որպեսզի այս հարցը չդառնա քաղաքական սակարկման առարկա, որպեսզի ամեն անգամ խնդիրը չորոշվի հասարակական արձագանքի պոտենցիալը չափելով, պետք է մեկընդմիշտ ձևակերպել հստակ քաղաքական մոտեցում: Նախկին իշխանությունները ևս չէին ձևակերպում այդ մոտեցումը և հիմա նոր են գլխի ընկել, որ քաղաքականությունը գաղափարախոսություն է ենթադրում ու փորձում են դիրքավորվել կոնսերվատիվ–ազգային գաղափարախոսության շրջանակներում: Իշխանության համար ևս հասունանալու  է խնդիրներին հստակ դիրքորոշումով արձագանքելու պահը, պարզապես հարց է՝ այն կհասունանա հիմա՝ նոր քաղաքական ուժի ձևավորման ընթացքում, թե՞ հետո, երբ, ինչպես ՀՀԿ–ն, ՔՊ–ն չի լինի իշխանություն ու այդժամ ստիպված կլինի մտածել գաղափարախոսության մասին: Առայժմ մենք տեսնում ենք, որ փորձ է արվում ոստիկանապետի շուրթերով ու անվտանգության ռիսկերի մասին հիմնավորումներով թեման առժամանակ սառեցնել: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում