«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը: Պարզվում է, սակայն, այդ քայլին Շահինյանն ինքնակամ չի գնացել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Շահեն Շահինյանը իր դիմումը գրելուց առաջ հանդիպել է Կրթության եւ գիտության փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որն էլ ռեկտորին հորդորել է դիմում գրել եւ հեռանալ: Հովհաննես Հովհաննիսյանը մասնավորապես ասել է, որ Շահինյանը պիտի հեռանա, որովհետեւ այդպիսին են նոր Հայաստանի պահանջները: Բացատրել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ պետք է գան նոր կադրեր:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Շահինյանը, իհարկե, հերքեց այդ լուրերը` ասելով. «Լինում են դեպքեր, երբ մարդը պարզապես առանց խնդրի է հեռանում»: ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: