«Սահմանադրական դատարանը վերջին շանսն էր գոնե ընտրությունների երկրորդ փուլ գնալուն, ճիշտ է, առանձնապես սպասելիքներ չէին էլ կարող լինել ՍԴ-ից, բոլորս գիտենք, թե ինչ որակի հիմնարկություն է դա, այնպես որ, պայքարը շարունակվում է և պետք է կիրառվեն բոլոր օրինական ու խաղաղ միջոցները ռեժիմը տապալելու համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Ըստ Ռուբինյանի, Սահմանադրական դատարանի որոշումներում առկա լղոզված ձևակերպումներով ՍԴ-ն փորձում է պահպանել իսպառ կորցրած իմիջը, որը, սակայն, ստեղծված իրավիճակում անհնար է. «Նման դատարկաբանություններով փորձում են բարձրացնել իրենց հեղինակությունը , որը չափազանց ցածր մակարդակի վրա է գտնվում»: Քաղաքական գործիչը առավել կարևորեց Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը զուգահեռ ակտիվ քաղաքացիական նախաձեռնությունների զարգացումն ու ծավալումը, որը շաժմանը հաղորդում է առավել ընդհանրական ու անկանխատեսելի բնույթ, ինչը վարչական մարմիններին հաճախ փակուղու առաջ է կանգեցնում: Ըստ Ռուբինյանի, և´ ստորագրահավաքը, և´ ապրիլի 8-ին քաղաքացիական ակտիվիստների կողմից նախաձեռնած մեկ միլիոնանոց երթը մեծ դրական ազդեցություն կարող է ունենալ հետագա քաղաքական զարգացումների վրա. «Ընդհանրապես, Հայաստանի քաղաքացիները պետք է մաքսիմալ նախաձեռնողականություն դրսևորեն ռեժիմից ազատվելու համար, բնականաբար' կոնստրուկտիվ, բնականաբար' օրենքի շրջանակներում, այս իշխանություններն ինչքան ավելի շատ դիմադրության օջախներ տեսնեն, այնքան ավելի շուտ մեզ կլքեն»: Ռուբինյանը նշեց , որ նման դիմադրության օջախներ են քաղաքական և քաղաքացիական պայքարի բոլոր դրսևորումները, որոնք առկա են ներկայիս իրավիճակում:

Աղասի Մարգարյան