Շրջանառվող լուրերի համաձայն՝ ներկա իշխանական կուսակցությունում չեն կողմնորոշվում ազգային փոքրամասնություններից թեկնածուներ ընտրելու հարցում։ 

Ընտրական օրենսգրքում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությանը վերաբերող դրույթի համաձայն՝ ՀՀ ազգային փոքրամասնություններից ներկայացված կլինեն եզդիները, ռուսները, ասորիներն ու քրդերը՝ յուրաքանչյուրը՝ մեկական պատգամավորով:Այս ընտրություններում, կարծես, բարդ ընտրության առաջ է կանգնած նոր իշխանությունը ամենամեծ՝ եզդիական համայնքի հարցում, քանի որ հավակնորդների թիվն աննախադեպ մեծ է։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նախկին ընտրություններում եզդիական համայնքից ՀՀԿ ցուցակով առաջադրված Ռուստամ Մախմուդյանը նկատեց, որ որևէ պաշտոնական  քննարկում որևէ քաղաքական ուժի հետ չի ունեցել մինչ այժմ, սակայն համայնքում ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ չպատճառաբանված իրարանցումը շատ մեծ է․ «Բոլորի մոտ գայթակղություն կա, բոլորը իրենց նեղ շրջանակներում որոշում են, որ իրենք պատգամավոր են»։

Անդրադառնալով համայնքից հավակնորդների այդքան մեծ քանակին՝ Մախմուդյանը նշեց․

«Դա անհատների պարտաստվածություն չի. ցավոք մեր համայնքում դա սխալ են հասկացել, ու ամեն մեկը որոշել է ձևակերպել, որ ինքն է առաջադրվելու։ Առաջադրումը պետք է անի քաղաքական ուժը, և քաղաքկան ուժը եթե ցանկություն ունի որևէ անձի այդ ցուցակով տանելու՝ անկախ նրանից՝ իշխանություն է թե ընդդիմություն, պետք է այդ ձևաչափը քննարկվի»։ 

Չնայած հավակնորդների մեծ քանակին, այնուամենայնիվ, ըստ Մախմուդյանի՝ համայնքն առավելապես պատրաստ է կանգելու իր կողքին և աջակցելու։ 

 

Հարցին՝ հնարավո՞ր է նախկին քաղաքական ուժի ցուցակով նա մասնակցի, Մախմուդյանը մեջբերեց Սահմանադրության ներկայիս կարգավորումները. «Եզդիական համայնքը Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնություն ունեցող համայնքն է, և ըստ այդ կարգավորման՝ եզդի համայնքի ներկայացուցիչ խորհրդարան տանելու միակ  հնարավորությունը ունենում է խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցնող քաղաքական ուժը։ Կա մարդ, որ չի ցանկանում համայնքի ցուցակով առաջադրվել, դա այլ է, բայց ինչ վերաբերում է համայնքի քվոտայով գնալուն՝ դրա շանսն առավելապես ու կարգավորումներով բաժին է ընկնում առաջին տեղը զբաղեցնող քաղաքական ուժին»։

Իսկ Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Կնյազ Հասանովը մեզ հետ զրույցում նշեց․

«Մենք ազգային փոքրամասնություն ենք, մենք միշտ իշխանամետ ենք, մեր համայնքային հարցերը լուծվում են իշխանությունների հետ։ Անցյալ անգամ ես ներկայացվել եմ ՀՀԿ-ի երկրորդ  ցուցակում, որը քվոտա է նախատեսում ազգային փոքրամասնությանը և անցել եմ»։

Հասանովը նշեց, որ իշխանափոխությունից հետո հայտ են ներկայացրել ՔՊ-ում իրենց քվոտայով անցնելու համար, սակայն դեռևս որևէ լուր չունեն և սպասողական վիճակում են․ «Եթե կասեն՝ եկեք ՔՊ-ով մասնակցեք՝ կգնանք, եթե ոչ՝ տեսնենք՝ ինչ կլինի»։

Հասանովն, անդրադառնալով ազգային փոքրամասնությունների և քրդական համայնքի ներգրավվածությանը ՀՀ քաղաքականությունում՝ ասաց․ «Մենք գնում ենք ՔՊ ոչ թե կուսակցության քաղաքականության մեջ մտնելու, այլ գնում ենք մեր ազգային շահերը պաշտպանելու՝ կրթություն, մշակույթ և այլն,  որ այդ հարցերով մեր ձայնը ևս բարձրացնենք», - նշեց Հասնովը և հավելեց․ «Ինչ վերաբերում է պետք է գնանք կուսակցական խաղերի մեջ մտնենք, նշեմ, որ մեզ համար բոլոր իշխանական կուսակցությունները հարազատ են»։

Նշենք, որ 2011 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են.

Եզդի՝ 35 308,

Ռուս՝ 11 911,

Ասորի՝ 2 769,

Քուրդ՝ 2 162: