Երեկվանից ակտիվ տարածվում է Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի մասին Mirror պարբերականի նյութը, որտեղ նշվում է, թե վերջիններս պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ-ում գործող մանկատներից մեկի հետ՝ երեխա որդեգրելու նպատակով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երեխաների իրավունքների պաժնի պետ Լենա Հայրապետյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունը պաշտոնապես չի ստացել  որևէ նամակ Քարդաշյանների՝ երեխա որդեգրելու հետ կապված:

«Եթե Քիմ Քարդաշյանը ցանկանա, ապա  պետք է փաստաթղթեր տրամադրի իր երկրի իրավասու մարմնին, այնուհետև նրանք պետք է կապ հաստատեն մեզ հետ՝ համաձայնություն ստանալու համար: Կարծում եմ՝ սրանք այն հերթական կեղծ լուրերն են, որոնք տարածվեցին մի քանի տարի առաջ»,- ասաց Երեխաների իրավունքների պաժնի պետը:

ՀՀ կառավարության լրատվության բաժնից փոխանցեցին, որ այցի մասին չունեն տեղեկություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունից հաղորդեցին՝ դեռևս չկա պաշտոնական որևէ տեղեկություն. «Եթե Քարդաշյանների ընտանիքի անդամները որոշել են մասնավոր այցով գալ Հայաստան, ապա ԱԳՆ-ն որևէ բան ասել չի կարող, իսկ պաշտոնական այցի մասին դեռ չկա որևէ խոսք»:

Հիշեցնենք, որ երբ 2015թ. Քարդաշյանների ընտանիքն այցելեց Հայաստան, նրանց պաշտոնապես հյուրընկալեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչ վերաբերում է այս անգամվա այցի հետ կապված լուրերին, դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն չկա: 

Արմինե Միքայելյան