2018թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական Հրայր Մելքոնյանը դիմում է հասցեագրել Կոտայքի մարզի դատախազին` հայտնելով, որ հոկտեմբերի 18-ին համացանցի FIP.am կայքում տեղեկատվություն և ձայնագրություն է տեղադրվել, որով, իրեն անհայտ անձը զանգահարել է Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և իր անունից ներկայանալով, սադրել և Ընտրական օրենսգրքին հակասող առաջարկներ ու պահանջներ է ներկայացրել՝ պահանջելով որոշակի քանակությամբ անձանց մասնակցություն ապահովել համայնքի ղեկավարի թեկնածու, Սասուն Միքայելյանի որդու` Սևակի նախընտրական հավաքին, ինչին Տ. Բակլաչյանը համաձայնել է: Այս մասին ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ պարզաբանելով Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը։ 
 
Ըստ հաղորդման՝ այդ ամենից հետո, նշված անձը, խախտելով հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ձայնագրությունը տեղադրել է համացանցում: 
 
«Հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Հրայր Մելքոնյանը, Տիգրան Բակլաչյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փաստերի ստուգման բաժնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանը, թիվ 5 միջնակարգ դպրոցի 20 ուսուցիչներ, ստացվել են Տ. Բակլաչյանի օգտագործած բջջային հեռախոսահամարի ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, ինչպես նաև այլ քննչական և դատավարական գործողություններՉնայած նրան, որ քրեական գործ է հարուցվել հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով, սակայն քննության հիմնական առարկան եղել է նաև նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հանգամանքը պարզելը, քանի որ հարուցման պահին հնարավոր չարաշահման դեպքով հարուցման համար անհրաժեշտ հիմքերը չեն եղել»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:
 
Այնտեղից փոխանցեցին, որ նախաքննության ընթացքում Ռ. Աֆրիկյանը հայտնել է, որ տեղեկություններ է ստացել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածու Սևակ Միքայելյանի քարոզարշավին թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի կողմից ուսուցիչներին և աշակերտներին ներգրավելու մասին: Այն ստուգելու համար զանգահարել է Տ. Բակլաչյանին և ներկայանալով իբրև Սասուն Միքայելյանի օգնական, հարցրել է, թե քանի հոգի կարող է ապահովել նախընտրական հանրահավաքին: Տ.Բակլաչյանը հարցրել է, թե քանի հոգի է հարկավոր, ինչին ի պատասխան նշել է, թե 200 հոգի, իսկ տնօրենն առաջարկել է բերել 100 հոգի, այդ թվում 9-րդ դասարանցիները: Այնուհետև հարցրել է, թե կեպկաներ ունեն, տնօրենը հայտնել է, որ չունեն: Այս ամենից հետո, ձայնագրված հեռախոսազրույցը տեղադրել կայքում:
 
Տ. Բակլաչյանը, հայտնելով հեռախոսանգի մասին, նշել է, որ անակնկալի է եղել հեռախոսազանգից, քանի որ Կոտայքի մարզպետի կողմից բանավոր նախազգուշացվել են զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Հայտնել է նաև, որ զանգահարողին հարցրել է, թե արդյոք հանրահավաքը տեղի է ունենալու Երևանում՝ քաջ գիտակցելով, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածուի քարոզարշավը չի կարող անցկացվել այնտեղ, նույնիսկ, խոսակցությունը երկարացնելով, փորձել է պարզել, թե ով է զանգահարողը: Վերջինս հայտնել է նաև, որ երբևէ ուսուցիչներին և դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին կամ հանրահավաքներին: Դպրոցի հարցաքննված 20 ուսուցիչները ևս պնդել են, որ տնօրենը երբևէ իրենց և դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին և հանրահավաքներին: Այս կապակցությամբ նախաքննությունը շարունակվում է:
 
Անդրադառնալով Դ. Իոաննիսյանի հաղորդմանը, Քննչական կոմիտեից ասացին, որ 21.10.2018թ. ժամը 20:00-ից 20:30-ի սահմաններում Հրազդանի թիվ 26/17 ընտրատեղամասում տեղի է ունեցել դիտորդ Հասմիկ Նավասարդի Միքայելյանի և ԶԼՄ ներկայացուցիչ Գոհար Մուշեղի Մանուկյանի լիազորությունների իրականացման խոչընդոտում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը լուսանկարելը արգելելու, նրանց վրա բղավելու և ընտրատեղամասից հեռացնելու սպառնալիքի եղանակով, ապա՝ այդ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերով 31.10.2018թ. որոշում է կայացվել քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
 
Սոնա Հարությունյան