«Գիտության և կրթության փոխնախարարի հետ մեր հիմնական զրոււյցը եղել է այն մասով, որ հայտնեմ աշխատանքից ազատման ցանկությանս մասին: Նրանք որևէ կերպ չեն ազդել որոշմանս վրա»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացրած ռեկտոր Շահեն Շահինյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե փոխնախարարն է ստիպել ներկայացնել ազատման դիմումը:

Շահինյանի պնդմամբ ազատման դիմումը ներկայացնելու գլխավոր պատճառը մեկ այլ աշխատանքի տեղավորվելն է:«Էդ նախարարներները նոր են եկել ու ոչ մեկին էլ ոչ մի բան չեն հորդորել: Ես էլի շարունակելու եմ աշխատել, բայց այլ տեղ, որի մասին դեռ չեմ կարող ոչինչ ասել: Ուզում եմ կրկին նվագել ու ապրել, դա շատ լավ բան է»,- ընդգծեց Շահինյանը:

Նախկին ռեկտորը մտածում է, որ կյանքը շատ կարճ է և պետք է մտածել նաև հոգևոր արժեքների մասին. «Դա ևս թանկ բան է ու պետք է գնահատել, նորից եմ կրկնում, փոխնախարարի հետ միակ զրույցս եղել է ազատմանս դիմումի մասին տեղեկացնելը»:

Նշենք, որ այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո: Նշվում է, որ Հովհաննիսյանը Շահինյանին հորդորել է ազատման դիմում ներկայացնել, քանի որ այդպիսին են Նոր Հայաստանի պահանջները:

Արմինե Միքայելյան