Ընտրական նոր օրենսգրքի տապալումը չի կարող խանգարել մեզ՝ մասնակցելու խորհրդարանական առաջիկա ընտրություններին։ Եթե կա ցանկություն, ապա մենք կմասնակցենք։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Օրինաց Երկիր կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ԸՕ-ի տապալումը հնարավո՞ր է ազդի ԱԺ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշման վրա։

Մեր այն ճշտող հարցին, թե կուսակցությունն ունի՞ հստակ որոշում առաջիկա ընտրությունների մասնակցության  հարցում, Բիշարյանը պատասխանեց․«Այս պահի դրությամբ՝ մենք մասնակցելու են խորհրդարանական առաջիկա ընտրություններին»։ 

Իսկ թե ինչ ասել է «այս պահի դրությամբ», ՕԵԿ փոխնախագահը չցանկացավ բացել փակագծերը։ «Շատ բազմանշանակ հարց եք տալիս, հիմա կա որոշում՝ ընտրություններին մասնակցելու համար, հետո չգիտենք՝ ինչ կլինի»,-ասաց Բիշարյանը։ 

Չնայած, որ ՕԵԿ-ը չունի վերջնական որոշում ԱԺ ընտրություններին մասնակցելու հարցում, նաև չունի հնարավոր շանսերի որոշակի պատկերացում։ «Մասնակցության պարագայում մեր շանսերը գնահատում ենք այնպես, ինչպես որ կերևա, չեմ կարող ասել»,- հավելեց Հեղինե Բիշարյանը։ 

Նշենք, որ քաղաքական մի շարք ուժեր  խորհրդարանական առաջիկա ընտրությունների նախաշեմին ակտիվ վերադասավորումների մեջ են։ Ինչպես նորաստեղծ, այնպես էլ տարիների փորձ ունեցող որոշ ուժերի համար նոր Ընտրական օրենսգրքի տապալումը պարզապես աղետ է, քանի որ պահպանվել է ռեյտինգային ընտրակարգը, և այժմ վերջիններս կանգնած են փաստի առաջ՝ մասնակցե՞լ ԱԺ ընտրություններին, թե՞ ոչ։

Արմինե Միքայելյան