Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդն երեկ՝ նոյեմբերի 11-ի իր նիստում հավանություն է տվել քաղաքական բանաձևի նախագծին, որը նաև նախընտրական ծրագիր է համարվելու:

ՀՀԿ-ի կայքում ներկայացված է ծրագիրը․

 

  • Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենության գաղափարներից: Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը Հայոց անփոխարինելի հայրենիքն է:
  •  
  • Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր գոյության, հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը:
  • Իր առաքելության գիտակցումն ունեցող յուրաքանչյուր ազգ, ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատևման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրև տվյալ ազգի գաղափարախոսություն: Հայ ազգային գաղափարախոսությունը կառուցվում է հայոց արժեհամակարգի ու պատմամշակութային փորձի զուգակցումով` ազգային և համամարդկային արժեքների համադրմամբ: Այն պետք է ամրապնդի հայության հավատը սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ և իբրև գաղափարախոսական համակարգ` մշտապես զարգացում ապրի:
  • Մենք հավատում ենք, որ գոյություն ունի Աստծո կողմից մարդուն տրված բարոյական նորմերի հաստատուն համակարգ, որին հետևելը ինչպես անհատի, այնպես էլ հասարակության սրբազան պարտքն է:
  • Ազգերի մշակութային մերձեցում (բայց ոչ ձուլում), գիտատեխնիկական, տնտեսական միավորում (և ոչ մեկուսացում), այսինքն` հոգևոր-մշակութային ինքնատիպություն և քաղաքակրթական ընդհանրություն. այսպես ենք մենք հասկանում աշխարհի բնական կարգը, այսպիսին է ազգայինի և համամարդկայինի մեր ընկալումը:
  • Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, հետևապես` մեր և Արարչի միջև հարատև կապն ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով: Այս ելակետն ունենալով` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեր պատմության հեթանոսական և քրիստոնեական ժամանակաշրջաններն արժևորում է ազգայինի առաջնայնության սկզբունքով:
  • Բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, հայոց լեզվի ու մշակույթի, դրանով իսկ` հայության միասնության պահպանման գործում, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այն համարում է հայ ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին:
  • Մենք դավանում ենք պահպանողականություն, քանզի այն մարդկության կողմից դրականորեն գնահատված և պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանումն է: Այն ոչ թե առհասարակ հնի, այլ` հավերժի հաստատումն է: Այն ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է. այն արժեքավորի, որ ստեղծվել է անցյալում և ստեղծվելու է ապագայում: Այս առումով, պահպանողականությունը ոչ միայն անցյալապաշտություն չէ, այլև` ապագայատենչ է, քանզի ապահովում է պատմության անխզելիությունը, ժամանակների կապը, որով` հավիտենական արժեքների անդադար արարումը:
  • Պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է ուժի միջոցով հասարակարգի փոփոխությունը, քանզի այն խախտում է հանրային կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Ըստ այդմ, պահպանողականության խնդիրն է՝ համարժեք բարեփոխումների միջոցով կանխել հասարակական ցնցումները:
  • Պահպանողականությունը գաղափարախոսական հուսալի հենք է ինչպես հոգևոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ` համաշխարհային զարգացումներից ետ չմնալու առումով:
  • Հայ իրականության մեջ գործող բոլոր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր հարաբերությունները կառուցում է ազգային և պետական շահերի առաջնայնության սկզբունքով, որոնք բարձր է դասում անձնական և հատվածական շահերից:
  • Պետության գործունեության հիմնական սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի հետևյալ մոտեցումները.
  • Հայոց պետությունը հայության նպատակների իրականացման հիմնական և ամենաարդյունավետ միջոցն է:
  • Պետության հզորացումն է այն միակ երաշխիքը, որն ապահովելու է մեր ժողովրդի զարգացումն ու հարատևությունը, քաղաքացիների բարեկեցությունը, մեր սահմանների պաշտպանությունը, մեր տեղն ու դերը միջազգային ասպարեզում:
  • Պետական կառավարման ձևը, կախված իրականացվող նպատակների, ծրագրերի լուծման արդյունավետությունից, կարող է փոխվել պետության զարգացման տարբեր փուլերում, իսկ կառավարման համակարգի գործունեությունը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, օրենքի իշխանության, ազգային անվտանգության հայեցակարգերի վրա:
  • Պետությունը պետք է աջակցի քաղաքական համակարգի զարգացմանը, ժողովրդավարության կայացմանը, մասնակի և փուլային բարեփոխումների ճանապարհով` հասարակության անընդհատ բարելավմանը: Ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին` միաժամանակ, ըստ անհրաժեշտության, ուղղված լինելով դրա արդիականացմանը:
  • Ամենաարդյունավետ քաղաքական համակարգը, որն ի զորու է լիարժեք պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բազմակարծության վրա հիմնված ժողովրդավարությունն է, որտեղ քաղաքացիները ընդունում և կիսում են իրենց պատասխանատվությունը պետության և մարդու հանդեպ:
  • Արտաքին քաղաքականության ոլորտում պետության գործունեությունը պետք է ուղղված լինի հարևան երկրների հետ բարիդրացիական և կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը, միջազգային հանրությանը բնականոն ինտեգրմանը, նրանում Հայաստանի դերի մեծացմանը, աշխարհի մյուս երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ կապերի զարգացմանը:
  • Հայոց պետության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի համաշխարհային փորձի վրա` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները: Պետությունը պետք է ապահովի տնտեսության պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության համար նպաստավոր պայմաններ` հանդես գալով որպես սեփականության բազմաձևության և ազատական տնտեսական համակարգի զարգացման երաշխավոր: Ազատական տնտեսական համակարգը պետք է հիմնված լինի մրցակցության և ձեռներեցության ազատության վրա, գործելով շրջակա միջավայրի պահպանման հրամայականով, միաժամանակ մնալով սոցիալապես արդար և պատասխանատու:
  • Պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանի նրանց արժանապատվությունը, արդյունավետ միջոցառումներ իրականացնի իր քաղաքացիների կենսապահովման պայմանների բավարարման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ըստ արժանվույն գնահատի նրանց վաստակը Հայրենիքի առջև:
  • Հայ հասարակության հիմքն ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից:
  • Կրթությունը պետք է անհատին տա խոր և բազմակողմանի գիտելիքներ` միաժամանակ ապահովելով այն գիտակցումը, որ դրանք պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրությանը, այնպես էլ Ազգի և Հայրենիքի հզորացմանը: Կրթական համակարգը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը: Այն պետք է ձևավորի մարդկային և ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ:
  • Գիտությունն ու մշակույթը պետք է ծառայեն Ազգի հոգևոր և նյութական արժեքների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը, բացահայտեն հայի ինքնությունը, աշխարհընկալումը և կենսակերպը: Մշակույթն ու գիտությունը պետք է իրականացնեն ազգային ավանդույթների ու գիտատեխնիկական առաջընթացի զուգակցումը` մեր երկրի համար աշխարհում ապահովելով բարոյահոգեբանական, մտավոր և տեխնոլոգիական առաջնակարգ դիրքեր: Մշակույթը, կրթությունը և գիտությունը պետք է լինեն պետական հոգածության հիմնական առարկա:
  • Պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքահայության ներուժի համախմբման համար` ի նպաստ Հայոց պետության հզորացման և Սփյուռքի արժանապատիվ գոյատևման, հիմնական նպատակ ունենալով սփյուռքահայության վերադարձը Հայրենիք:
  • Մարդու իրավունքների և ազատությունների, պարտականությունների և պատասխանատվության ներդաշնակ համադրումը պետք է իրականացվի հետևյալ մոտեցումների հիման վրա.
  • Հայոց պետության գլխավոր հարստությունն ազգի և պետության հանդեպ պատասխանատվության գիտակցում ունեցող մարդն է` իր ֆիզիկական, մտավոր և բարոյական ներուժով:
  • Պետությունը պետք է արժևորի համընդհանուր արդարությունը, հավասարությունը, ճշմարտությունը, համերաշխությունը, փոխօգնությունը, մարդու արժանապատվությունը, ազատությունը և պատասխանատվությունը:
  • Մարդու ազատությունը կարող է իմաստավորված լինել, եթե զուգակցված է պատասխանատվության և բարոյականության հետ:
  • Տղամարդն ու կինը հավասար են Աստծո և պետության առջև, ունեն միևնույն իրավունքները, և այս սկզբունքը պետք է արտացոլվի պետության գործունեության բոլոր ուղղություններում:
  • Բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ, որոնք լավագույնս կբացահայտվեն և կիրագործվեն արդարության պայմաններում, անձնական, ընտանեկան և հանրային բարիք ստեղծելու մղումով և համերաշխության մշակույթի ներքո:
  • Բազմակարծության, քաղաքական ազատությունների, մրցակցային հավասար պայմանների, մտքի, խոսքի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի:
  • Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի: