«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը երեկ հայտարարեց խորհրդարանական առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի կազմից մասնակցելու մասին: Վերջինս նշել է, որ իր որոշման հիմքում խորը մտահոգություններն են` կապված «Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ»: 

Նախ նշենք, որ ՀԱԿ-ը տարիներ շարունակ հայտնի է եղել իր ընդդիմադիր հայացքներով և անընդհատ քննադատել է իշխանությանը: Սակայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խնամի և նախկին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը 2012թ. ՀԱԿ-ին անդամակցությունը  դադարեցնելը մեկնաբանել է այսպես. «Մենք չունենք լեգիտիմ ընդդիմություն»: 

 

Ստացվում է, որ Արցախի հիմնահարցից անդին, Շահնազարյանը ՀՀԿ-ն դիտարկում է որպես ռեալ և լեգիտիմ ընդդիմություն, չնայած նրան, որ տարիներ առաջ անընդհատ հանդես էր գալիս սուր հայտարարություններով, մասնավորապես, նշելով, որ ՀՀ-ում իշխանություն չկա և որ դրանք Ռուսաստանի նշանակած, Ռուսաստանի շահերը սպասարկող ինչ-որ կառույցներ են։«Պետք է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել»,- տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում ընդգծել է Դավիթ Շահնազարյանը:

Դավիթ Շահնազարյանի այս քայլի մասին փորձեցին կարծիք հարցնել իր հետ քաղաքական երկար ճանապարհ անցած ՀԱԿ անդամներից, սակայն վերջիններս հրաժարվեցին խոսել, նշելով, որ «չկա նրա մասին խոսելու որևէ թեմա», կամ «դա նորմալ երևույթ է ու անձնական որոշում»: 

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը նախկինում եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար: Նա տարիներ առաջ մի առիթով նշել է, որ իշխանությունը բաղկացած է քրեաօլիգարխիկ տարրերից և որ այն հստակ ապացուցել է, որ որևէ բարեփոխում չի պատրաստվում անել: Իսկ թե ինչն է Շահնազարյանին ստիպել մտքափոխ լինել ու քաղաքականության մեջ իր ճանապարհը շարունակել «քրեաօլիգարխիկ տարրերից բաղկացած» ուժի հետ՝ պարզ կդառնա առաջիկայում: