«Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքների հետ անհամաձայնությունները մենք ներկայացրել ենք և միջնորդել ենք այն վերացնել»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ անդրադառնալով իր վստահորդի նախաքննության ընթացքին: 

Երանոսյանի փաստաբանի փոխանցմամբ՝ միջնորդության լուծումը հետաձգվել է և այս պահին որևէ գործողություն չկա: 

 

«Մենք նաև տեսանյութեր ենք ներկայացրել, որտեղ երևում է, որ բազմաթիվ նռնակների պայթյուններ են եղել և ոստիկանության այլ ծառայողներ նույնպես կիրառել են նռնակներ»,-մանրամասնեց Տիգրան Սաֆարյանը: 

Այս պահին Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Նշենք, որ Երանոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, նշելով, որ «թե՛ իր, և թե՛ ոստիկանության գործողությունները օրինաչափ են եղել և մեղադրանքի կամ կասկածանքի ոչ մի հիմք չի տեսնում»:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ  առաջացրել են ծանր հետևանքներ:  

Արմինե Միքայելյան