Սեւանի քաղաքապետարանում, համայնքի աշխատակազմի եւ ավագանու մասնակցությամբ ամփոփվել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի պաշտոնավարման երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքի հանրագումարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, Սարգիս Մուրադյանի պաշտոնավարման երկու տարում Սեւանում գրանցվել են նկատելի ձեռքբերումներ հանրային կյանքի տարբեր ոլորտներում: «2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ կատարված աշխատանքներն ակնառու են. սեփական եկամուտները հավաքագրվել են 97.8 տոկոսով: Համայնքը պարտքեր չի կուտակել, ավելին' մարել է դեռեւս 2016 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կուտակված 172.3 մլն դրամ պարտքից 115 մլն դրամը: Հիմնանորոգվել է թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի շենքը: Կառուցվել եւ արդեն գործում է Սեւանի բժշկական կենտրոնի մասնաշենքը:

Կառուցման փուլում է ժամանակակից չափանիշներին համապատասխան ֆուտբոլի մարզադաշտը, ստեղծվել է «Յունիոր Սեւան» ֆուտբոլային ակումբը' համանուն թիմով, որը ՀՀ ֆուտբոլի առաջնության առաջին խմբի բացարձակ առաջատարն է: Իրականացվել է Սեւան քաղաքի միկրոթաղամասերի ջրամատակարարման ներքին ցանցերի հիմնանորոգում (մոտ 2կմ)' համագործակցությամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի: Ստեղծվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան Պրահա-Վինոր այգին, ընթացքի մեջ են քաղաքի մշակույթի պալատի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Կառուցվում է բիզնես կենտրոն' «ԵՄ-ն Սեւանի համար' բիզնեսի զարգացման եւ նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի շրջանակում:

Ասֆալտապատվել են այնպիսի փողոցներ, որոնք տասնամյակներ շարունակ գրեթե անանցանելի էին, դրանք են՝ Չարենց, Հրազդան, Սարգիս Սեւանեցի եւ Աբովյան փողոցներ: Փոսային եւ մասնակի ասֆալտապատում է իրականացվել 11 փողոցում, 2 հրապարակում՝ 4500 քմ ընդհանուր մակերեսով: Ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը 11 փողոցում, 5.5 կմ երկարությամբ, կառուցվել է հանրային 2 զուգարան: Բազմաբնակարան շենքերի երկու բակերում տեղադրվել են բակային խաղամիջոցներ:

Իրականացվել է բազմաբնակարան 27 շենքերի ջրագծերի, կոյուղագծերի, ջրհորդանների, մուտքերի վերանորոգում, տանիքների մասնակի նորոգում: Տեղադրվել են արեւային ջրատաքացուցիչներ համայնքի նախադպրոցական եւ արտադպրոցական հաստատություններում: Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաոլորտ ծրագրեր' զբոսաշրջային, առողջապահական, ֆրանսախոսության տարածման: Միջին եւ փոքր բիզնեսի խթանմանն ուղղված ծրագրերի արդյունքում համայնքում ստեղծվել է 54 նոր աշխատատեղ:

Կառուցվում է հանդիսությունների սրահ, որի գործարկմամբ ապահովվելու է 30 նոր աշխատատեղ: Անցկացվել է «Սևան» երաժշտական միջազգային փառատոնը, սեւանցի երիտասարդները մասնակցել են DIVERCITES միջազգային փառատոնին, «Արի, պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբին: Սեւանցի մարզիկները մասնակցել են մարզական միջազգային եւ հանրապետական առաջնություններին' գրանցելով հաղթանակներ:

Համայնքում գործում է 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ ծնողական վարձավճարները զրոյացված են: Նորարարական գաղափարներից մինչեւ այլընտրանքային էներգիայի համակարգի ներդրում, սոցիալական ձեռնարկատիրությունից մինչեւ ապակենտրոնացված համագործակցություն, միջազգային երաժշտական փառատոնից մինչեւ համայնքապահպան ծրագրեր, մարզամշակութային ռիթմի ապահովումից մինչեւ մաքուր ու բարեկարգ համայնք, եւ այս ամենը համայնք-բնակիչ համագործակցության, մասնակցային կառավարման, թափանցիկ եւ հաշվետվողական աշխատանքի շնորհիվ:

Եվ պատահական չէր, որ Սեւանը «Հայաստանի համայնքների միության» կողմից ճանաչվեց Հայաստանի Հանրապետության լավագույն քաղաքային համայնք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը՝ հավելելով, որ աշխատանքային հերթական տարին էլ համայնքի ղեկավարի, ավագանու եւ համայնքապետարանի աշխատակազմի համար խոստանում է լինել նույնքան արդյունավետ եւ իրականացվող ծրագրերով հագեցած:

Խոսրով Խլղաթյան