«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության` այդ ամենը տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանքարդյունաբերող ընկերությունը «Վայքգօլդ» ՍՊԸ-ն է: Այժմ այս ընկերությունը դադարեցրել է ընդերքաօգտագործումը: Պատճառը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն են: Բայց ուշագրավն ընկերության սեփականատիրոջ անունն է: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վայքգօլդ» ընկերությունը 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՆ նախկին նախարար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

Նշենք, որ «Վայքգօլդ» ՍՊԸ-ն արդյունահանման իրավունք ստացել է 2012 թվականին, իսկ գործողության ժամկետը մինչեւ 2037 թվականն է»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: