Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ՀՆԱ աճի ցուցանիշը եղել է 8,3 տոկոս, սակայն 9 ամսվա կտրվածքով ավելի վատ պատկեր ունենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նա անդրադարձավ նաեւ պետական պարտքի սպասարկմանը՝ նշելով, որ այն 2019-ին այն կկազմի 357 մլրդ դրամ, որից արտաքին վարկերի սպասարկումը կարժենա 143 մլրդ դրամ: Պետական պարտքը 50,6 տոկոս 2018-ին, իսկ 2019-ին ակնկալվում է, որ կկազմի ՀՆԱ-ի 49,7 տոկոսը: 2019-ին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 950 մլն դոլար:
 
Փաստացի, ֆինանսների նախարարը ուղղակիորեն հակադարձում է վարչապետ Փաշինյանի այն պնդումներին, թե մենք գտնվում ենք տնտեսական թռիչքի փուլում, Հայաստանում ներդրումներ անելու համար էլ պարզապես հերթեր են գոյացել: Չհաշված այն հանգամանքը, որ կառավարությունը գրեթե երդվում էր, որ գալիք տարի պետական պարտքը չի ավելանա, «յոլա կգնանք» առանց վարկերի: Ինչպես երևում է՝ «շաբաթն ուրբաթից շուտ եկավ» և տնտեսական վիճակը պարզապես փաստի առաջ է կանգնեցրել կառավարությանը: Այլ հարց է, թե կառավարությունից ովքեր են հանդգնում բացահայտ խոսել տնտեսության իրական դրության մասին: Սա էլ երկրորդ նման դեպքն է, երբ այդ հանդգնողը հենց վարչապետ Փաշինյանի թիմակիցն ու կաբինետի անդամն է. առաջին դեպքն էլ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էր, ով անգամ չթաքցրեց իր օբյեկտիվ տարակուսանքը Փաշինյանի հայտարարած թռիչքաձև աճի հանդեպ:
 
Արդյունքում, ունենք մի իրավիճակ, երբ վարչապետը ԱԺ ամբիոնից գովերգում է տնտեսության զարգացման տեմպերը, իսկ ոլորտի պատասխանատուները մեկը մյուսին հերթ չտալով՝ կասկածի տակ են առնում վարչապետի վերոնշյալ պնդումը: Հարց է առաջանում՝ նրանցից ո՞վ է մոլորեցնում հանրությանը: Թվում է, թե ֆինանսների նախարարը հասարակության «աչքերին թոզ փչելու» որևէ հիմք չունի, ավելին՝ նրան ձեռնտու է ցույց տալ տնտեսության օբյեկտիվ վիճակը այն պարզ պատճառով, որ հետագայում նման բյուջե ունենալու համար մեղադրելու են հենց Ջանջուղազյանին: Մինչդեռ Ջանջուղազյանը ակնարկում է, որ նման բյուջե ունենալու մեջ մեղավոր են նրանք, ովքեր կես տարի շարունակ պոպուլիզմով են զբաղված…
 
Ս.Խաչատրյան