«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից պարզեց, որ հոկտեմբերին ՀՀ պետական պահուստները հասել են 2 մլրդ 82.9 մլն դոլարի, մինչդեռ սեպտեմբերին դրանք 2 մլրդ 149.3 մլն դոլար էին: Նկատենք, որ Հայաստանի միջազգային պահուստները պակաս են նաեւ տարեսկզբի համեմատ. հունվարին այդ թիվը 2 մլրդ 286.9 մլն դոլար էր:

Այս տեղաշարժը, թերեւս, պատահական չէ. տեսակետ կա, որ սա հետեւանք է կառավարության նոր գործելաոճի, երբ հրաժարվում են նոր արտաքին պարտք ներգրավելու հայտնի քայլից, փոխարենը գումարներն ուղղում են եղած պարտքը սպասարկելուն: Պատահական չէ, որ այս ամենին զուգահեռ ՀՀ-ում նվազել էր պետական պարտքը՝ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ հասնելով 6 մլրդ 724.3 մլն դոլարի՝ տարեսկզբի 6 մլրդ 774.6 մլն դոլարի փոխարեն:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: