ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը ձգձգվեց մինչև դեկտեմբեր։ Այս ընթացքում եղան բազմաթիվ մեկնաբանություններ. կարծիքներ հնչեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին ոչինչ չտվեց, մի մասն էլ սխալ է համարում այդ պաշտոնը մեկ տարի շուտ թողնելը։ Սակայն փաստ է, որ այժմ Երևանը սկզբունքորեն պայքարում է իր դիրքորոշման համար։ Այժմ այդ պաշտոնի համար պայաքարում է նաև Բելառուսը։ Եվ, հարց է առաջանում՝ իրականում կարևո՞ր էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար, թե՞՝ ոչ, և ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ՀԱՊԿ քարտուղարության կարևորության մասին, նկատեց, որ այն դիտարկումները, թե մեզ ոչինչ էլ չտվեց այդ կառույցին անդամակցելը՝ անլուրջ են, քանի որ ընդհանրապես Հայաստանում արտաքին քաղաքականության այդպիսի խնդիրներին լուրջ վերաբերմունք չի եղել։«Եթե մարդիկ ասում են ոչինչ չտվեց, հարց է առաջանում՝ ինչո՞ւ եք նորից պայքարում, որ ունենաք։ Ես կարծում եմ` մենք կորցնում ենք այդ պաշտոնը սխալ քայլերի պատճառով՝ մտածելով, ըստ էության, որ մեզ հետ բոլորը պետք է համակերպվեն, հասկանան մեր խնդիրները։ Այդպիսի մտածողությամբ՝ կարող ենք մտածել, որ նման կառույցների անդամակցությունը ոչինչ չի որոշում: Արդյունքում, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին կարող ենք կորցնել այդ պաշտոնը, և Բելառուսի ներկայացուցիչը լինի ՀԱՊԿ քարտուղար»,- ասաց Բոզոյանը:

Նրա կարծիքով՝ տեսակետը, թե ՀԱՊԿ-ի քարտուղար ունենալը ոչինչ չի որոշում՝ սխալ է․ «Միգուցե հանգիստ պայմաններում այն մեծ ազդեցություն չի ունենում, բայց ֆորսմաժորային պայմաններում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը կարող էր վճռական լինել։ Օրինակ՝ մեր այսօրվա նախագահ Արմեն Սարգսյանը ոչինչ չի որոշում, բայց երբ ֆորսմաժորային իրավիճակ է առաջանում, ինչպես եղավ ապրիլին, այդ մարդու ֆունկցիան վճռորոշ կարող է լինել»։ 

Հարցին ի՞նչ պետք է անել մեկ տարի շուտ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չհանձնելու համար՝ Բոզոյանը պատասխանեց, որ արդեն նման հարցադրման համար շատ ուշ է, քանի որ ինչպես հիվանդության վերջին փուլում ինչ- որ բան անելն է անիմաստ, այնպես էլ՝ հիմա։

 

«Մենք այդպիսի վիճակում հայտնվեցինք, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ուղղակի, անվճար ստացանք։ Մենք ոչինչ չենք արել դրա համար, արժեքը չենք հասկացել։ Եվ հիմա հարց եմ ուզում տալ՝ մեր քաղաքական վերնախավի գիտակցությունը որտե՞ղ է, որ մենք այս վիճակում ենք հայտնվել։ Վրաստանը բարեկամ երկիր է, բայց Ադրբեջանը նրա համար ռազմավարական դաշնակից է, Իրանի հետ հարաբերությունները վատ չեն, բայց Իրանը Թուրքիայում հռչակագիր է ստորագրում Ադրբեջանի հետ, որտեղ ոչ հայանպաստ ձևակերպումներ կան։ ԱՄՆ-ն բարեկամ երկիր է, բայց Ադրբեջանին ռազմավարական դաշնակից է համարում։ Միակ երկիրը, որի հետ ավելի մտերիմ հարաբերություններ ունեինք՝ Ռուսաստանն էր, բայց  ՌԴ հետ էլ հարաբերությունները փչացնում և փորձում ենք հերոսաբար արդարանալ և ասել՝ մեր հարաբերությունները լավ են»,-ասաց քաղաքագետը։

Ամփոփելով՝ Բոզոյանն ասաց․ «Մեր ժողովուրդը գիտի՞, որ չունի քաղաքական վերնախավ, դա անլուրջ մարդկանց  կուտակում է, որոնց իրենց շահերից, այս կամ այն միջազգային ֆոնդից գրանտ պոկելուց բացի՝ ոչինչ չի հետաքրքրում»։