ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոյեմբերի 14-ին կայացած նիստում 20 միլիոն դրամով տուգանեց «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը` անբարեխիղճ մրցակցության դրսևորման, ինչպես նաև սպառողներին մոլորեցնելու համար:

ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ ԱրեգՀովհաննիսյանն ասաց, որ դիտանցումներ են իրականացվել 2 տասնյակ մանկապարտեզներում` կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: «Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է փորձաքննության, որի արդյունքների համաձայն… մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում հայտնաբերվել է բուսական յուղ:Կաթնաշոռի մեկ կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի անգամ ավելի է` 2200-2300 դրամ»,-ասաց նա: Բուսայուղ պարունակող կաթնամթերք է մատակարարվել «Երևանի Հ. 28 մանկապարտեզ»-ին, «Երևանի Հ. 157 մանկապարտեզ»-ին, «Երևանի Հ. 125 մանկապարտեզ»-ին, «Ժպիտներ» մանկապարտեզ-ին, «Երևանի Հ. 101 մանկապարտեզ»-ին, և «Երևանի Հ. 122 մանկապարտեզ»-ին: Վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում, քանի որ կաթնաշոռը պետք է լինի բացառապես կենդանական ծագման, այսինքն՝ բաղադրությունը 100 տոկոսով պետք է լինի վերամշակված կովի կաթը՝ առանց հավելումների:

 

 ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` կաթնամթերքը անբարեխիղճ մրցակցության տեսանկյունից ռիսկային արտադրատեսակ է համարվում: «Վերջին տարիների ընթացքում կաթնամթերք արտադրում են հիմնականում բուսայուղով, ինչն արտաքին տեսքով, համով և հոտով չի տարբերվում, բայց որակի առումով տարբեր ապրանքատեսակ է հանդիսանում: Որոշ արտադրողներ մատակարարում են բուսական յուղով պատրաստված արտադրանք, ինչը բարեխիղճ տնտեսավարողներին դուրս է մղում շուկայից»,-ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ շատ սպառողներ նախապատվություն են տալիս գներին, սակայն ցածր գինը կարող է վկայել, որ մենք գործ ունենք անբարեխիղճ մրցակցության հետ: ՀՀ ՏՄՊՊՀ-ն սեփական նախաձեռնությամբ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության միջոցով անցկացվել է ընկերության կողմից արտադրված կարագի կրկնակի փորձաքննություն: Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանմամբ ապրանքը կարագ չի հանդիսանում, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն՝ այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա՝ այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված են «Սեփական անարատ կաթից», «Մեր գործն արդար է» գրառումները, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին:

 

Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես, նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում: Ընկերությունը 2014թ. ևս հայտնվել էր ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ այս անգամ ստանալով նախազգուշացում՝ թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար: Ընկերությանը հանձնարարվել էր նաև վերացնել խախտումը՝ բացառելով սպառողների շահին վնասելու և սպառողներին մոլորեցնելուն ուղղված վարքագիծը: