ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում:Այս մասին նոյեմբերի 14-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը:

«Ես առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում, որտեղ նախորդ անգամ ընտրվել եմ պատգամավոր»,- նշեց նա:

Արարատ Միրզոյանի խոսքով' ռեյտինգային թեկնածուների առաջադրման տարածքները որոշելիս առաջնորդվել են հստակ սկզբունքով, իսկ համամասնական ցուցակում տեղ գտած անուններին խորհուրդ տվեց տեղեկանալ ԿԸՀ-ից:

«Մենք աշխատել ենք ցուցակը կազմավորելիս առաջնորդվել այն սկզբունքով, որ տվյալ ընտրատարածքում ճանաչելի մարդիկ ընդգրկվեն տվյալ ընտրատարածքում։ Ցուցակում կան մարդիկ, ովքեր գործող խորհրդարանի տարբեր խմբակցությունների անդամներ են։ Շատ քիչ է մնացել, առաջարկում եմ սպասել ու ԿԸՀ-ից տեղեկանալ ցուցակներում ընդգրկված անձանց մասին»,- նշեց նա:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենք հստակ հանձնարարականներ են տվել, որպեսզի բացառվեն վարչական ռեսուրսի ապօրինի կիրառման դեպքերը, իսկ նման դեպքերի ականատես լինելու դեպքում հորդորեց տեղեկացնել պատկան մարմիններին: