ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել որպես մեկ ու կես օր: Մարուքյանը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ»-ը ներկայացրեց ԱԺ հերթական նիստում:

«Ես առաջարկում եմ փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում: Ներկայում նախնական կալանքի մեկ օրը հաշվարկում են մեկ օր, ես առաջարկում եմ մեկ օրը հաշվարկել մեկ ու կես օր, դրան տալ հետադարձ ուժ` մինչ կատարված փոփոխության օրը: Ըստ էության, այդ փոփոխությունն ուզում եմ հասցնել այն մարդկանց, ովքեր այսօր այս պահին գտնվում են ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով` ինքը ցանկանում է, որ Հայաստանում կատարված փոփոխություններն այս նախագծով հասնեն նաև քրեակատարողական հիմնարկներ: «Այն քաղաքացիները, ովքեր ընդունված համաներման ակտով չեն զգացել այդ փոփոխությունների շունչը, պետք է նույնպես զգան, որ Հայաստանում բան է փոխվել: Մենք նրանց կրած անմարդկային վերաբերմունքին որևէ կերպ բարոյական փոխհատուցում պիտի տանք` իրենց կրած կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելով»,-նշեց պատգամավորը:

Նրա կարծիքով` Հայաստանում աննախադեպ է եղել կալանքների կիրառումը: Ե՛վ իրավապաշտպանական հանրությունը, և՛ Հայաստանում փաստաբանական համայնքը միշտ քննադատվել է: Որպես իրավապաշտպան՝ Մարուքյանը նշեց, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է ոչ թե որպես բացառիկ դեպք, այլ գրեթե բոլոր գործերով: Նրա խոսքով` շատերը մինչև մեկ տարի եղել են կալանքի տակ: