«Այն, ինչ որ խոսվում է տարբեր քաղաքագետների կողմից՝ տարածքներ խաղաղության դիմաց, մեր համար անընդունելի և մերժելի է։ Ղարաբաղյան հարցի լուծման հիմքը պատճառների վերացումն է, իսկ պատճառների վերացման համար  պետք է նախևառաջ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

Շարմազանովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է հանրաքվեով որոշելու իր ճակատագիրը. Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, դա փաստ է։  «Մենք նկատում ենք Ղարաբաղի հարցում ստորջրյա հոսանքներ և մասնակցում ենք ընտրություններին՝ հիմքում ունենալով թիվ մեկ հարցը՝ Արցախի հարցը։ Մենք նպատակ չունենք ասելու, որ այսօրվա իշխանությունը ազգադավ է կամ այսօրվա իշխանությունը ուզում է գնալ զիջումների, նման խնդիր մենք չունենք, «դիշովի պոպուլիզմով» չենք  զբաղվում»,-նշեց Շարմազանովը։ 

Շարմազանովը հավելեց նաև, որ իրենք դեմ են այն դիրքորոշմանը, թե Արցախի ժողովուրդը թող որոշի՝ ինչ ուզում է.

«Դա սխալ է, կնշանակի Արցախի ժողովրդին մենակ թողել մարտահրավերների դեմ հանդիման, մենք իրավունք չունենք Արցախի ժողովրդին մենակ թողել»,-ասաց Շարմազանովը։