Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն կալանավորվել է։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց  նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։

Նա չցանկացավ մանրամասներ ներկայացնել՝ խոստանալով այդ մասին խոսել քիչ անց։

 

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:

Նշվում էր, որ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինը ապօրինի հարստացել է:Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրա գրավը մուծելուց հետո նա ազատ էր արձակվել։

Սոնա Հարությունյան