Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում արդեն իսկ գործող 30 հեկտար պտղատու այգիներում կառուցել ամբողջովին նոր տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ մոտ 20 հեկտար, սառնարանային պահեստներ և ընդլայնել հյութերի արտադրամասը։

Ինտենսիվ այգիները համալրվելու են ժամանակակից համակարգերով, ներառյալ հակակարկտային համակարգով: Կաթիլային ոռոգման համակարգը կկանխարգելի զգալի քանակությամբ ջրի կորուստը և կապահովի ծառերի արդյունավետ սնուցումը: Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 990 մլն դրամի չափով ներդրում, որից ցանկով նշված ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 484 մլն դրամ։ Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ' 110 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: