Սամվել Մայրապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց խոշոր գործարար, Հ2-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանը հոկտեմբերի 6-ին ձերբակալվել էր: Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկամսյա ժամկետով կալանավորելու որոշում կայացրել։ Սակայն պաշտպանական կողմը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարան։

 

«Դատարանը որոշել է անփոփոխ թողնել որոշումը: Որոշումը բողոքարկել ենք Վճռաբեկ դատարան»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ է գտնվում Սամվել Մայրապետյանը, ինչին ի պատասխան փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալն այժմ  ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է:

Փաստաբանը Գլխավոր դատախազին միջնորդել է Քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով փոխել Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը՝ անձնական երաշխավորությամբ: Միջնորդությունը Գլխավոր դատախազություն մուտքագրվել է այսօր և Քրեական դատավարության օրենգրքի 199-րդ հոդվածի համաձայն պետք է քննվի 5-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 21-ը ՀՀ գլխավոր դատախազը պետք է բավարարի կամ մերժի Կարեն Բատիկյանի միջնորդությունը::

Նշենք, որ Մայրապետյանի փաստաբանների պնդմամբ՝ իրենց պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրան ազատելու հարցով վարչապետի պաշտոնակատարին է դիմել Հ2 հեռուստաընկերության աշխատակազմը, ինչպես նաև երաշխավորություն են տվել մի խումբ մտավորականներ:   

Ի դեպ, մոտ մեկ շաբաթ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է գործարար Մայրապետյանին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Թաթոյանը անդրադարձել էր հանդիպմանը․ «Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, առանձնազրույցի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ են պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որ բարձրացվում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առաջադրած հարցերը վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակին։

 

Սոնա Հարությունյան