Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցների համաձայն՝ տարբեր ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը  կարողացել է զգալի առաջընթաց գրանցել մի շարք ոլորտներում: Այդ զեկույցներում հիմնականում անդրադարձ է կատարվում երկրում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումներին՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն բացասական չեն անդրադարձել Հայաստանի վերաբերյալ տարբեր գնահատականների վրա, այլ նաև նպաստել են որոշ գնահատականների բարելավմանը: Ստորև դիտարկենք Հայաստանի վերաբերյալ միջազգային տարբեր կազմակերպությունների վերջին մի քանի գնահատականները:

 Freedom House միջազգային կազմակերպության համացանցային ազատության մասին 2018 թվականի զեկույցում Հայաստանի Հանրապետությունը գրանցել է զգալի առաջընթաց` մասամբ ազատ երկրների շարքից անցում կատարելով ազատ երկրների ցանկ (դիտարկված 65 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցային ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց): Որպես հիմնական հիմնավորում՝ զեկույցում խոսվում է ապրիլին տեղի ունեցած ցույցերի մասին, երբ իշխանափոխության հարցում մեծ դերակատարություն ունեցավ հանրության կողմից  սոցիալական մեդիայի ազատ օգտագործման փաստը: Որպես երկրի գլխավոր առավելություն՝ խոսվում է այն մասին, որ  համացանցը երկրում շարունակ չի սահմանափակվել, ինչպես նաև չի ենթարկվել բովանդակային փոփոխությունների:

Համաշխարհային բանկի վերջին Doing Business զեկույցում (2019 թվականի համար) Հայաստանի դիրքերը բարելավվել է 6 նիշով՝ 47-րդ հորիզոնականից բարձրանալով 41-րդ:  Ամենամյա այս զեկույցի հիմքում ընկած են մի շարք չափորոշիչներ, որոնցից է, օրինակ, փոքրամասնության ներկայացուցիչների ներդրումների պաշտպանության աստիճանը:  Հատկանշական է, որ մեր դիրքերի բարելավման հարցում նշանակալի ազդեցություն է ունեցել հենց այս չափորոշիչը՝ բարձրանալով 5 նիշով: Մեկ այլ չափորոշիչ է համարվում երկրում գործարարությամբ զբաղվելու դյուրինության աստիճանը: Այս չափորոշիչով Հայաստանը ստացել է 96.21 միավոր (առավեագույնը՝ 100)՝ առաջ անցնելով Հունաստանից (92.39) (Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար միջին միավորըկազմել է 90.02):

«Համաշխարհային մրցունակության զեկույց 2018»-ում Հայաստանը նույնպես բարելավել է իր դիրքերը 2 կետով՝ 140 երկրների շարքում զբաղեցնելով 70-րդ տեղը: Զեկույցը մշակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: Համաձայն զեկույցի՝ Հայաստանում բիզնեսի հիմնումն արագ է և քիչ ծախսատար, իսկ օտարերկյա աշխատուժի ներգրավման համար ապահովվում է ազատ ռեժիմ:

Համաշխարհային բանկի «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցում Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճը 2018թ-ի համար կանխատեսվում է 5.3% (նախորդ զեկույցում  Հայաստանի տնտեսական աճը գնահատվում էր 4.1%): Համաձայն  նույն զեկույցի՝ Հայաստանում  տնտեսական զարգացման համար նպաստող գործոններ են հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը: Անդրադառնալով 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իշխանափոխությանը՝ զեկույցում նշվում է, որ «հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումները»: 

Հայաստանի ցուցանիշները բարելավվել են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում: Եթե նախորդ՝ ապրիլ ամսին հրապարակված զեկույցում, կանխատեսվում էր 3.4% ՀՆԱ-ի իրական աճ, ապա հոկտեմբեր ամսվա զեկույցում Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ: 

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ Հայաստանում շարունակաբար ընթացող բարեփոխումներն արդեն իսկ իրենց արտացոլումն են գտնում միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականներում: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ներկայացված գնահատականները դեռևս ամբողջական չեն, քանի դեռ տարին չի ավարտվել և շատ զեկույցներում դեռևս չկա ամբողջական անդրադարձ  երկրում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական գործընթացներին: Մինչ այս արձանագրված ցուցանիշները լավատեսության հիմք են տալիս, որ հաջորդ տարվա զեկույցներում նույնպես Հայաստանը կգրանցի զգալի առաջընթաց՝ միջազգային ընկալումներում ամրապնդելով իր դիրքերը՝ որպես զարգացման դրական դինամիկա ունեցող երկիր:

Լիանա Հովհաննիսյան