Հեղափոխությունից հետո Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում լարված իրավիճակ էր։ Մի խումբ մարդիկ, ճանապարհը փակելով, պահանջում էին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը։ Վերջինս մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ համայնք այցելությունից հետո հրաժարական տվեց։

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց 2019 թվականի փետրվարի 17-ին Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում նշանակել և անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

 

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին։

«Ովքեր կազմակերպել էին այդ բողոքի ակցիա կոչվածները՝ երևի նրանք էլ են պատրաստվում ընտրություններին։ Ես հրաժարական տվեցի, որ ապացուցեմ՝ նրանք չեն կարող կառավարել»,-մեզ հետ զրույցում ասաց Անդրեասյանը։

Չնայած, որ բողոքի ակցիային համայնքի բնակիչներն էին մասնակցում, այնուամենայնիվ, ըստ Անդրեասյանի՝ բնակիչները բավականին լավ են տրամադրված․ «Համայնքի բնակիչները տեսնում են՝ ով ինչքան գործ է արել, և լավ են տեսնում զրպարտողներին»։

Հարցին՝ մարզպետի հետ հանդիպումներ վերջին շրջանում ունեցե՞լ է կամ  քննակրումներ եղե՞լ են, Անդրեասյանը պատասխանեց․

«Ես մարզպետի հետ քննարկելու ոչինչ չունեմ, ես իրեն որպես մարզպետ շատ թույլ եմ համարում։ Չեմ տեսնում նրա մեջ պետականություն։ Նրանք սկզբունքային մի բան ունեն՝ եթե մեր կուսակցությունից չես, ուրեմն մերը չես, այստեղ ես ՀՀՇ-ի սկզբունքն եմ տեսնում»։

Այս ընտրություններից հետո համագործակցությունը նոր իշխանության հետ՝ Անդրեասյանը տեսնում է ըստ օրենքի պահանջի․ «Նոր իշխանություն կամ հին իշխանություն ինձ համար կապ չունի. գոյություն ունի ՀՀ օրենք, գոյություն ունի ՏԻՄ-ի համար առանձին օրենք՝ ես դրա կողմնակիցն եմ․ ինձ համար միևնույնն է՝ ով կլինի մարզպետ կամ վարչապետ, եթե ինձ ընտրում է այս ժողովուրդը, ես պարտական եմ այդ ժողովրդին»։