Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների դիրքորոշումը, ինչպես երևում է՝ փոխվել է ևս մեկ հարցում: Խոսքը արագաչափերի և տեսախցիկների մասին է: ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ասել է, որ արագաչափերի տեղադրումը 2012-ից և ընդհանրապես տեխնիկական վերահսկողության միջոցների օգտագործումը երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, մահերի թիվը կրճատել է 11 տոկոսով: Այս առումով հարկ է հիշեցնել, որ դեռևս 2015 թվականին ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ասել էր, որ «2012-ին մեծ շուքով ՀՀ ավտոճանապարհներին տեղադրվեցին արագաչափերը և տեսախցիկները: Այդ ժամանակ հիմնավորումն այն էր, որ հերթական առաջադիմական քայլն է արվում՝ ՀՀ ճանապարհներին կարգուկանոնը, անվտանգությունը բարձրացնելու: Հիմա, 3 տարի դրանք գործել են, ժամանակն է միջնաժամկետ արդյունքներն ամփոփելու: Հիմա ինչ, այս 3 տարվա ընթացքում վթարների թիվը նվազե՞լ է, թե՞ չի նվազել»:
 
Փաշինյանը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել իր հարցադրումն ավելի հիմնավոր դարձնելու նպատակով: Նրա խոսքով՝ արագաչափերի և տեսախցիկների գործունեության ընթացքում ոչ միայն ճանապարհատրանսպորտային վթարների քանակն է ավելացել, այլ նաև այդ վթարների հետևանքով տուժած անձանց թիվը. «2011 թվականին վթարներից մենք ունեցել ենք 2964 տուժող, 2014 թվականին արդեն՝ 4776 տուժող: Աճն ուղիղ 61 տոկոս է»: Ըստ Փաշինյանի՝ եթե որոշողն ինքը լիներ՝ հենց այդ պահին կհաներ արագաչափերը:
 
2018-ին արդեն, թավշյա հեղափոխության օրերին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները փակում էին արագաչափ տեսախցիկները: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել էր․ «Սիրելի հայրենակիցներ, այժմ մենք իրականացնում ենք «ԱնտիՍաշիկ 4» գործողությունը երկու մասով՝ Արարատ Միրզոյանը մյուս մայթին, ես այս մայթին եմ»։ Այսօր, սակայն, վարչապետը և նրա թիմը փոխել է իր մոտեցումը: Հետաքրքիր է, իսկ ո՞րն է պատճառը. եթե Փաշինյանն իրոք այդքան մտահոգված էր վերոնշյալ խնդրի առթիվ, ինչո՞ւ հիմա, հենց այս պահին չի հանում արագաչափերը: Նրա կողմից տարիներ առաջ բերված խայտառակ վիճակագրությունը այլևս արդիական չէ՞, թե՞ դեռ ինքը չէ որոշում կայացնողը:
 
 
Ս.Խաչատրյան