Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի ստորագրումը խիստ հրատապ է։ Սա հարցեր է առաջացնում, մասնավորապես, ինչո՞ւ է կարևոր այդ դաշինքի ստորագրումը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի վրա։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Խանումյանը, խոսելով պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին, նշեց, որ այդ հարցը քննարկվում էր դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք, սակայն երկրի նախկին ղեկավարության կողմից փաստարկներ էին բերվում, թե դա կարող է Հայաստանի կողմից Արցախի ճանաչում որակվել։  «Նման պայմանագրի ստորագրման մասին խոսվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Այն այժմ օրակարգային է,  քանի որ Հայաստանը՝ դառնալով Արցախի բնակչության անվտանգության երաշխավոր, մի շարք խնդիրներ է կարգավորում, մասնավորապես՝ բնակչության իրավունքների պաշտպանության», -ասաց Խանումյանը։

Պայմանագիրը ստորագրելու կարևորությունն առաջինը բխում է Արցախի շահերից։ Դա քաղաքական փաստաթուղթ է, և դրանով միջազգային հանրությանը Արցախում Հայաստանի զինվորների ներգրավվածությունն է բացատրվում և այն, թե ինչու է Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը։

Հարցին, թե այդ պայմանագրի ստորագրման դեպքում, ըստ նրա, միջազգային հանրությունն ինչպե՞ս կարձագանքի՝ քաղաքագետը նշեց․ «Միջազգային հանրությունը ինչպես ցանկանում է՝ թող արձագանքի, քանի որ Հայաստանն իրավունք ունի դառնալու չճանաչված պետությունների անվտանգության երաշխավորը»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին՝ Խանումյանը նկատեց․ «Ադրբեջանը ցանկացած ռազմական գործողության դիմելիս չի սպասում, թե ինչ գործընթացներ տեղի կունենան Հայաստանում և Արցախում։ Մենք նրանց գործողություններին պետք  է սպասենք ամեն պահ»։Քաղաքագետի կարծիքով՝ Արցախի վրա այդ պայմանգրի ստորագրումը չի կարող վատ ազդեցություն ունենալ, հետևաբար, նոր իշխանությունը հետևողական պետք է լինեն այդ փաստաթղթի ստորագրման հարցում։

Արմինե Արմենակյան