Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը դեռևս չի ազդարարվել, սակայն արդեն կազմվել են ցուցակները, և ներկայացվող ուժերը սկսել են որոշակի ակտիվություն ցուցաբերել։ Բնականաբար, ինչպես աշխարհում ընդունված կանոն է, հետհեղափոխական ընտրություններում ֆավորիտը հեղափոխության առաջնորդն է։ Այստեղ ներկայացվող ուժերը շատ ավելի պայքարում են երկրորդ, երրորդը լինելու համար։ Իսկ՝ ո՞ր ուժերը հնարավորություն կունենան անցնելու խորհրդարան, ինչքանո՞վ դրան կարող է նպաստել ընտրական ցուցակը, ինչպիսի՞նն են հնարավորությունները նախկին իշխանական ուժի․ այս և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։
Քաղաքագետը նկատեց, որ այս փուլում կուսակցությունների շանսերը կախված չեն կուսակցությունների ցուցակներից․ «Սա նախ և առաջ խոհրդարանական ընտրություններ են, և մենք հասկանում ենք, որ երկրի ղեկավար է ընտրվում»։
«Մենք հասկանում ենք, որ շատ բաներ կախված են առաջին համարներից։ Նայած թե առաջին համարի նկատմամբ ինչպիսի վստահություն ունեն։ Կարևոր գործոններից մեկն այս ընտրությունների՝ հետհեղափոխական ընտրություններ լինելն է և ըստ այդմ՝ այն հանրությունը հակված է լինելու ընտրել հեղափոխության առաջնորդին»,- ասաց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ համարներին՝ քաղաքագետը նկատեց, որ, ամենայն հավանականությամբ, ավագանու ընտրություններում համեմատաբար լավ ցուցանիշներ արձանագրած կուսակցությունները հնրավորություն ունեն կրկնելու նույն արդյունքը․ «Բայց այստեղ պետք է ասել, որ նոր խաղացողներ են դաշտ մտել և հասկանալի է, որ էլեկտորատի մի մասին նրանք իրենց կողմն են տանելու։ Նաև, նոր ասելով, նկատի ունեմ՝ կան այնպիսի ուժեր, որոնք չեն մասնակցել ավագնու ընտրություններին և նրանք ևս ի վիճակի են ձայներ խլել։ Ինչ վերաբերում է տեղերի դասավորությանը՝ այստեղ շատ դժվար է ասել»։
Ըստ քաղաքագետի՝ հնարավորություն ունեն խորհրդարան անցնելու ԲՀԿ-ն, Լուսավոր Հայաստանը կամ Մենք Դաշինքը։ «Մյուս կողմից կարող ենք ասել, որ, օրինակ, ազգայնական էլեկտորատի մի զգալի հատվածը կարող է քվեարկել «Սասնա Ծռերի» օգտին, մանավանդ որ «Սասնա Ծռերը» թարմացված դեմքով են գալիս, ներառել են այլ կուսակցությունից ինչ-որ քաղաքագետներ։ Առանձնահատուկ կուզենայի ընդգծել «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցությունը», որն ամբողջությամբ բաղկացած է քաղակտիվիստներից, որոնք այս հեղափոխության հիմքն էին։ Ամեն ինչ կախված է նաև գրագետ քարոզարշավից»,- ասաց քաղաքագետը։
Չնայած նախկին իշխանական կուսակցության ցուցակում օդիոզ դեմքերի բացակայությանը՝ Վարդնայանը կարծում է, որ նրանց շանսերը չնչին են․«ՀՀԿ-ի ողջ էլեկտորատն այլևս չկա, փաստացի կարելի է ասել, որ մնացել են փոքրիկ խմբեր, որոնք սերտ հարաբերություններ ունեն ՀՀԿ-ի հետ։ ՀՀԿ-ի դեպքում ցուցակների ազդեցությունը նույնիսկ ավելի բացասական ազդեցություն կարող է ունենալ և չնայած ֆակտին, որ օդիոզ մարդիկ չկան ցուցակում, բայց այնտեղ մարդիկ են, որոնք ժխտում են հեղափոխությունը, ցինիզմով են լցված հեղափոխության նկատմամբ», - ասաց քաղաքագետը և հավելեց, որ այժմ ՀՀԿ ցուցակում այն մարդիկ են, որոնք նախկինում հիմնական որոշում կայացնող չեն եղել և այժմ մնացել են այն մարդիկ, որոնք երկրորդական դեր էին խաղում․ «ՀՀԿ-ն հավանաբար նկատի է ունեցել, որ այս ցուցակով ներկայանալով, կկարողանա համակրանք շահել, բայց հակառակ էֆեկտն է դա ունենալու»։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի վարկանիշից և դրա տատանումներից՝ Վարդանյանը նշեց․
«Ակնհայտ է, որ այն աջակցությունը, որը կար հեղափոխութան օրերին, հիմա չկա և դրանով է պայմանավորված՝ մի քանի խմբեր, որ հեղափոխության ջատագով էին, այժմ այլ խմբով են ներկայանում։ Սակայն փաստ է, եթե ավագնու ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում, բայց շատ բարձր արդյունքներ արձանագրվեց, այժմ հենց նա է մասնակցում»։
Արմինե Արմենակյան