2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ցավով արձանագրում ենք, որ այս անգամ եւս ԱԺ արտահերթ ընտրություններին ներկայացված քաղաքական միավորումներից մի քանիսն արդեն իսկ սկսել են ակտիվ շահարկել ԼԳԲՏ թեման՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով։

Մենք՝ Փինք Արմենիա կազմակերպության ներկայացուցիչներս, բազմիցս արձանագրել ենք, որ յուրաքանչյուր քաղաքական իրադրության ֆոնին հատկապես արհեստականորեն սրվում են ԼԳԲՏ հարցերը, իսկ ԼԳԲՏ անձինք դառնում են քավության նոխազ եւ տարաբնույթ շահարկումների թիրախ։

Կո՛չ ենք անում Բոլոր քաղաքական միավորումներին՝

ա. Չտրվել գայթակղությանը եւ չշահարկել ԼԳԲՏ հարցերը՝ քաղաքական միավորներ ստանալու նպատակով;

բ. Հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները եւ թշնամանք սերմանելու փոխարեն քաղաքական ծրագրերում ներառել այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն իրական հավասարության ապահովմանը;

գ. Քաղաքական ծրագրերում նախատեսել գործողություններ՝ ուղղված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը։

ԶԼՄ ներկայացուցիչներին՝

ա. Զերծ մնալ տարբեր լրատվամիջոցներում ապատեղեկատվության տարածումից եւ չհրապարակել չճշտված կամ զրպարտող եւ վիրավորական տեղեկատվություն;

բ. Կանխարգելել ատելության խոսքի տարածումը տարբեր լրատվական հարթակներում;

գ. Համագործակցել ոլորտում մասնագիտացված կառույցների եւ իրավապաշտպանների հետ՝ համակողմանի տեղեկատվության ապահովման նպատակով։ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ (Փինք Արմենիա)