Հայաստանի Հանրապետության կառավարությունը խնդիր է դրել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն լավագույնը երկրի պատմության մեջ: Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ի՞նչ նկատի ունենք լավագույն ընտրություններ ասելով: Նկատի ունենք, որ քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն ընտրողների կամքը: Ի՞նչ է պետք անել սրա համար: Առաջինը՝ բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն: Գիտեք վերջին տարիների ամենատարածված մեթոդը ընտրակաշառքն, և ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը հստակ հանձնարարություն է ստացել, որ ընտրական կաշառք բաժանելու ցանկացած փորձ պետք է արժանանա շատ խիստ հակազդեցության: Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից, որովհետև կարծում եմ, որ ցանկացած նման դրսևորման և նախապատրաստման մասին ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություն, և կանխարգելման մակարդակում պրոֆիլակտիկայի մակարդակում պետք է այդ խնդիրն անպայման լուծվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, որ ընդհուպ սեփականատերերը իրենց պատկանող ընկերություններում աշխատող մարդկանց, հիմնարկների ղեկավարները իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքի ղեկավարները իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են և փորձում են ինչ-ինչ գործարքներով մարդկանց ուղղորդել կոնկրետ քվեարկության: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ այս երևույթը նույնպես պետք է արմատախիլ արվի ՀՀ-ում: «Մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը: Ես ուզում եմ նաև իմ օրինակը բերել: Ես երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենախոշոր թերթը, եղել եմ գլխավոր խմբագիր, բայց չի եղել մի դեպք, որ ես երբևէ որևէ աշխատողի ասեմ՝ գիտես ինչ այսինչին պետք է ընտրես: Քաղաքական պրոցեսի իմաստը հետևյալն է՝ քաղաքականությունը հրապարակային են, մարդիկ տեսնում են, թե ովքեր են թեկնածուները, լսում են նրանց, կարդում են նրանց նախընտրական ծրագրերը, լսում են մեկնաբանությունները, և իրենք կարող են որոշում կայացնել: Մեր խնդիրն է, որ այս ընտրություններում քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում: Այսինքն, որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործունեության, քարոզարշավի նկատմամբ պետք է տեղի չունենա հանրապետության որևէ անկյունում: Եթե որևէ դահլիճ հասանելի է քաղաքական որևէ ուժի համար, պետք է հասանելի լինի նաև մյուսների համար: Իհարկե, մենք հույս ունենք, որ եղանակն այնպիսին կլինի, որ դահլիճներն առանձնապես պահանջված չեն լինի: Կարծում եմ, որ եթերի ազատությունը հանրահայտ փաստ է, հետևաբար հեռուստատեսային եթերը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին, ինտերնետի մասին չեմ ուզում ասել, որովհետև միջազգային կազմակերպություններն արդեն Հայաստանը դասել են ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին, և մենք այս ցուցանիշով գտնվում ենք աշխարհի առաջատար երկրների ցանկում»,- մանրամասնեց Փաշինյանը: